Հայաստանում 50 հազար 641 կին վարորդ կա. նրանց մասնակցությամբ վթարներն ավելի քիչ են

13:38 • 25.04.17

Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են վարորդական վկայականներ ստացած իգական սեռի 50641 ներկայացուցիչ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի տվյալների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում վարորդական վկայականներ են հատկացվել իգական սեռի 9 հազար 768 ներկայացուցչի:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման և լիցենզավորման գործակալության առաջին կարգի մասնագետ Կարինե Ստեփանյանը, ով նաև վարորդ է, կարծում է, որ կանայք ղեկին ավելի զգոն են, զգուշավոր և զիջողականություն են ցուցաբերում: «Կարծում եմ, որ ցանկացած կին վարորդ, որքան էլ վարպետ չլինի, գոնե զգուշավոր է, քանի որ նրա մեջ մայրական բնազդն է խոսում, իսկ տղամարդիկ մեծամասամբ մրցակցություն են ունենում մյուս տղամարդ վարորդների հետ և զիջողականություն չեն ցուցաբերում»,- ասել է Ստեփանյանը:

2016 թվականին  Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել վիրավորներով և զոհերով 3203 ճանապարհատրանսպորտային պատահար, որից ընդամենը 44  պատահարի մասնակից է եղել կին վարորդ, 2-ի դեպքում վարորդները մահացել են։