Հայաստանում տպագիր մեդիաները բազմազան են և բևեռացված. ՀՀ-ն 2017թ. մամուլի ազատության վարկանշային ցանկում 79-րդ տեղում է
Մամուլի ազատությունը երբեք չի ենթարկվել նման վտանգի, ինչպես այժմ՝ «հետճշմարտության նոր դարաշրջանի և «ֆեյք» նորությունների» պատճառով, պնդում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը, որը հրապարակել է 2017 թվականին աշխարհում մամուլի ազատության վարկանշային ցանկը, որում տեղ է գտել նաև Հայաստանը։
«Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի իշխանության գալը և Մեծ Բրիտանիայում «Բրեքզիթի» արշավը հատկանշական էին ԶԼՄ-ների վրա մասշտաբային հարձակումներով, ԶԼՄ-ների դեմ ուղղված հռետորաբանությամբ, որն աշխարհը բերեց հետճշմարտության, ապատեղեկատվության և ֆեյքային նորությունների նոր դարաշրջան»,- ասված է կազմակերպության հայտարարությունում:
Բացի այդ, ԶԼՄ-ների ազատությանը խոչընդոտում է շատ երկրներում հաղթանակած ուժեղ ավտորիտար ղեկավարի մոդելը, ինչպես նաև՝ քաղաքացիների նկատմամբ լրտեսման մոլուցքը և աղբյուրների գաղտնիության իրավունքի խախտումները:
Արդյունքում, ինչպես նշում են իրավապաշտպանները, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վարկանիշները նվազել են երկու հորիզոնականով՝ համապատասխանաբար մինչև 43-րդ և 40-րդ տեղերը:
Վարկանշային ցանկում Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը, Ադրբեջանը՝ 162-րդ, Վրաստանը՝ 64-րդ, Թուրքիան՝ 155-րդ, Իրանը՝ 165-րդ տեղը: 2016 թվականին Հայաստանը 74-րդ տեղում էր:
Ինչպես նշում են իրավապաշտպանները, Հայաստանում տպագիր մեդիաները բազմազան են և բևեռացված, համացանցում ծաղկում է հետաքննական լրագրությունը, բայց բազմակարծությունը կաղում է հեռարձակող ԶԼՄ-ներում: Թվային հեռուստատեսության անցման ժամանակ քննադատական հեռարձակողների համար ապագա տարածքի առկայությունը կախված կլինի հաճախականության մրցույթի գործընթացի անկողմնակալությունից: Կազմակերպությունը նշում է 2015 թվականի հոկտեմբերի դատական վեճի ընթացքում Սահմանադրական դատարանի վճիռը՝ ի պաշտպանություն լրագրողների աղբյուրների գաղտնիության պահպանման: Իրավապաշտպանները, սակայն, նշում են, որ լրագրողների դեմ շարունակվում է բռնության կիրառումն ու դրա անպատժելիությունը:
Կազմակերպության տվյալներով՝ 72 երկրում, այդ թվում Ռուսաստանում, ստեղծվել է «շատ լուրջ իրավիճակ»: Ռուսաստանը, նախորդ տարվա պես, զբաղեցրել է 148-րդ տեղը:
Վարկանշային ցանկում առաջին տեղը զբաղեցրել է Նորվեգիան, վերջին՝ 180-րդ տեղը՝ Հյուսիսային Կորեան:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակում է իր ամենամյա վարկանշային ցանկը 2002 թվականից: Այն կազմվելիս հաշվի են առնվում՝ բազմակարծության մակարդակը, անկախ ԶԼՄ-ների քանակը, օրենսդրական սահմանափակումները, թափանցիկությունը, գրաքննությունը և ինքնագրաքննությունը:










