Թուրքիայի ընդդիմությունը հայտարարել է, որ ուժեղացնելու է պայքարը խորհրդարանի ներսում և դրանից դուրս

15:23 • 26.04.17

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո պատրաստվում է ուժեղացնել իր պայքարը թե՛ խորհրդարանի ներսում, թե՛ դրանից դուրս:

Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը, հանրաքվեի արդյունքները Գերագույն ընտրական խորհրդին բողոքարկման համար ներկայացրած ու մերժված ընդդիմադիրները հայտնել են, որ վայր չեն դնելու իրենց «զենքն» ու վճռական են տրամադրված նոր պայքար սկսելու հարցում: 

Պաշտոնական հայտարարության մեջ կուսակցության ներկայացուցիչները շեշտել են, որ այսուհետ ավելի ակտիվ գործունեություն են ծավալելու խորհրդարանի ներսում ու դրանից դուրս:

Հիշեցնենք, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում պաշտոնական տվյալներով հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: