Հակառակորդը կրակել է Բաղանիս ու Կոթի գյուղերի ուղղությամբ. վնասվել են տներ և ավտոմեքենա

18:05 • 29.04.17

Երեկ երեկոյան հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս ու Կոթի գյուղերի վրա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ ադրբեջանական զինուժը կրակել է հիմնականում այս տարածքում տեղակայված հայկական խրամատների ուղղությամբ, բայց գյուղերն էլ անմասն չեն մնացել: «Մոտ 15 փամփուշտ, գիտեմ, որ գյուղերից մեկին կպել է, բայց թե ինչ հետևանքներ է ունեցել, չեմ կարող ասել»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ խոսնակը նշեց, որ հակառակորդը կրակ է բացել հրաձգային զենքերից:

Նրա խոսքով՝ հայկական կողմը լռեցրել է հակառակորդի գործողությունները:

Վնասը, Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ, նյութական է եղել:

«Տներ են վնասվել ու ավտոմեքենա: Մոտավոր 4-5 տուն է վնասվել: Հանձնաժողովը կաշխատի՝ վնասի չափը կճշտեն: Մարդիկ շարունակում են ապրել տներում, ապրել են տանը, էսօր էլ ապրում են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Նա նշեց, որ գյուղի ուղղությամբ մոտ 2 ժամ կրակել են:

 

Հակառակորդը կրակել է Բաղանիս ու Կոթի գյուղերի ուղղությամբ. վնասվել են տներ և ավտոմեքենա