Բոլոր 3 քաղաքական ուժերն էլ քարոզարշավը կառուցում են ԸՕ պահանջների լիակատար գիտակցմամբ. Տ. Մուկուչյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս Երևանի ավագանու ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում:
«Մենք անգամ չենք սպասում, թե երբ կլինի դիմում կամ բողոք, առկա հրապարակումներին ծանոթանում ենք և մենք միշտ անդրադառնում ենք, ձեռնարկում ենք միջոցներ»,-ասաց նա:
Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ մինչ այս որևէ խնդիր չի եղել և լուսաբանման տեսանկյունից եղել է բոլոր ուժերի շատ չափավոր լուսաբանում, ինչ-ինչ նկատառումներ ներկայացված չեն եղել, բացառությամբ մեկ դրվագի, որը կապված է եղել «Ելք» կուսակցությունների դաշինքի քարոզի ժամանակ քաղաքացու միջամտության հետ, երբ քաղաքացիներից մեկը փորձել է մեքենայով մուտք գործել շենքի բակ և խոչընդոտել քարոզարշավը: Նա ասաց, որ այդ դեպքի վերաբերյալ անմիջապես իրավապահ մարմինների արձագանքը կա, գործողություններ իրականացվում են:
Հարցին, թե եթե որևէ խախտման դեպք լինի, արդյոք սահամնափավելու են միայն նկատողությամբ, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց.«Հուսանք, որ որևէ մեկը չի խախտի օրենքը և մենք ստիպված չենք լինի ավելի խիստ միջոցներ կիրառել: Մենք կարծում ենք, որ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներն էլ` երեք քաղաքական ուժերն էլ, լիարժեք ծանոթ են Ընտրական օրենսգրքի պահանջներին և մինչև օրս գործելաոճը մեզ հիմք է տալիս փաստելու, որ բոլորն էլ իրենց գործողությունները կառուցում են Ընտրական օրենսգրքի պահանջների լիակատար գիտակցմամբ»,-ասաց նա:
ԿԸՀ նախագահն ասաց, որ բացի նկատողությունից կա նաև նախազգուշացում, խախտումը վերացնելու համար ժամկետի տրամադրում, և ամենածայրահեղը` գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով կուսակցության կամ նրա ցուցակում ընդգրկված թեկնածուների դատարան դիմելը:










