Գյուղացիները կանգնել են փաստի առաջ, ցրտահարության հետևանքով բերք չի լինի. Պտղավանի գյուղապետ

12:24 • 30.04.17

Գյուղացիները կանգնել են փաստի առաջ, ապրիլի 28-ի ցրտահարությունից հետո հույս չկա, որ գյուղում բերք կլինի, որ գյուղացիներն էլ կարողանան իրենց վերցրած վարկերը մարել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը: Ըստ նրա՝ դեռ հստակ հաշվարկ չկա, թե գյուղացիների կրած վնասը որքան է կազմում:

«Հանձնաժողովը ստեղծել ենք, ուսումնասիրում ենք, չափը կճշտենք, կներկայացնենք կառավարությանը։ Նախնական տվյալներով ՝ Կեռասի, դեղձի, սալորի ծառերն են վնասվել, արդեն ցրտահարված շիվերը սևացել են։ Պարզ երևում  է և ակնհայտ է՝ այս տարի բերք չեն տա, եթե անգամ գյուղացին պատշաճ խնամի։ Մնում է սպասել մյուս տարվան»,- շեշտեց նա:

Գյուղապետի խոսքով՝ վնասվել են նաև բանջարաբոստանային կուլտուրաները:

«Ովքեր կարտոֆիլ են ունեցել՝ 100 տոկոսանոց վնաս են կրել, այլ գյուղերում ևս վնասեր են եղել, բայց մեզ մոտ ավելի շատ, քանի որ ցածրադիր է»,- ասաց գյուղապետը:

Նա ընդգծեց նաև, որ վնասի չափը վերջնական ճշտելուց հետո գուցե դիմեն կառավարություն, որպեսզի  գյուղացիների վարկերի մարման մասով հետաձգումներ  լինեն:

«Տեսնենք՝ ինչ կլինի, բայց կրկնեմ՝ գյուղացիների ողջ աշխատանքը ջուրն է լցվել»,-եզրափակեց գյուղապետը

 

 

 

 

Գյուղացիները կանգնել են փաստի առաջ, ցրտահարության հետևանքով բերք չի լինի. Պտղավանի գյուղապետ