Հս. Կորեան ամերիկյան ռմբակոծիչների թռիչքը միջուկային պատերազմի հրահրում է անվանել
Հյուսիսային Կորեան ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների` Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների շրջանակում իրականացրած մանևրները Կորեական թերակղզուն միջուկային պատերազմ սկսելուն դրդող անմիտ սադրանք է որակել:
Ինչպես նշում է Reuters-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկյան B-1B Lancer ռմբակոծիչները մասնակցել են հյուսիսկորեական կողմի սադրանքները զսպելուն ուղղված մանևրներին:
Մինչդեռ lenta.ru-ն հավելում է, որ ամերիկյան Terminal High Altitude Area Defense (THAAD) հակահրթիռային պաշտպանության համակարգերն արդեն տեղակայվել են Հարավային Կորեայի տարածքում ու Պենտագոնի փոխանցմամբ՝ պատրաստ են որսալ հյուսիսկորեական հրթիռները:
«THAAD համակարգը տեղակայված է, այն կարող է որսալ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռներն ու պաշտպանել Հարավային Կորեան»,-նշել է Հարավային Կորեայում ԱՄՆ զորակազմի ներկայացուցիչ Ռոբ Մենինգը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»:
Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:
Փհենյանի ու Վաշինգտոնի միջև նախապատերազմական իրավիճակի ֆոնին Չինաստանը 150.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ուժեղացնել այդ երկրի հետ սահմանային պաշտպանությունը, ավելացնել զինվորների ու անհրաժեշտ սարքավորումների, զինտեխնիկայի քանակը:
Ռուսական կողմը մտավախություններ ունի առ այն, որ պատերազմ սկսելու դեպքում հյուսիսկորեացիները կարող են զանգվածաբար դեպի Ռուսաստան փախչել:
Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:
Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը:










