«Միշտ ասում էր՝ պիտի գնամ, հասնեմ Քյարամին». տեղի ունեցավ Քալաշ Սլոյանի հուղարկավորությունը (տեսանյութ)

14:11 • 02.05.17

Այսօր տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հոր՝ Քալաշ Սլոյանի հուղարկավորության արարողությունը:

Tert.am-ի հետ զրուցում Քյալաշ Սլոյանի մյուս որդին ՝Համիկ Սլոյանը նշեց, որ հոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Քյարամի ծննդյան օրը՝ ապրիլի 27-ին գերեզմանատուն այցելուց հետո, տեղափոխել են հիվանդանոց , սակայն հայրը չի ցանկացել
պայքարել ապրելու համար:

«Քյարամի մահվանից հետո ինքը միշտ ասել է՝ ես պիտի գնամ, հասնեմ իմ երեխուն, 2 անգամ ինսուլտ տարավ, սկսեց իրան տեր չկանգնել, չուտել։ Իրա միակ նպատակը իրա տղուն հասնելն էր, ու ըտենց էլ արեց։ Մեզ էդքան չսիրեց, ինչքան որ Քյարամին, մեզ թողեց, գնաց՝ հասավ Քյարամին»,-շեշտեց նա:

Սլոյանների հարազատները հիշեցրին, որ Քյալաշ Սլոյանի առողջությունը պարբերաբար վատացել է՝ հատկապես որդու վերահուղարկավորումից հետո, երբ տղայի անդամահատված գլուխը միացրել են մարմնին:

Քալաշ Սլոյանի հուղարկավորությանը մասնակցում էին մի շարք զինվորականներ, ազատամարտիկներ:

Մայոր Արամ Դավթյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Սլոյանների ընտանիքը այն եզդի ընտանիքների թվին է պատկանում, որոնք անձնուրաց պայքարում են հանուն Արցախի. Քյալաշ Սլոյանը Արցախի պատերազմի ժամանակ աչքի ընկել իր մարտունակությամբ, անձնուրացությամբ:

Քալաշ Սլոյանի հրամանատար, ազատամարտիկ Վարդան Գևորգյանն էլ ընդգծեց, որ մարտական ընկերների հետ Քալաշ Սլոյանին այցելել են 8 օր առաջ, նա, ինչպես միշտ, որդուն հասնելու մասին էր խոսում:

Մանրամասները՝տեսանյութում։





«Միշտ ասում էր՝ պիտի գնամ, հասնեմ Քյարամին». տեղի ունեցավ Քալաշ Սլոյանի հուղարկավորությունը (տեսանյութ)