Եթե վարկը վերցվում է գերակա նպատակով, 2 տարվա ընթացքում սուբսիդավորել այն. վարչապետի հանձնարարականը

11:33 • 04.05.17

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: ՀՀ վարչապետը տնտեսության գերակա ոլորտներում պետության կողմից վարկերի սուբսիդավորման նոր քաղաքականության վերաբերյալ հանձնարարական տվեց երեք նախարարի:

«Կարծում ենք` ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի աջակցություն: Մասնավորապես, այդ ոլորտներում առաջարկում ենք մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի բանկային տոկոսի սուբսիդավորման նոր քաղաքականությունը: Նման քաղաքականությունը միտված է լինելու մեր կողմից գերակա ուղղություններ հայտարարված ոլորտներում արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանն ու կայուն աշխատատեղերի ստեղծմանը»,-ասաց վարչապետը:

Հաշվի առնելով վերոնշյալը, վարչապետը տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ԿԲ-ի և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման սուբսիդավորման հստակ գործիքակազմ՝ ըստ գերակա ոլորտների։

«Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք սկսում, նման քննարկումներ կատարում ենք արդեն գյուղատնտեսության ոլորտում: Եթե վարկը վերցվում է գերակա նպատակով՝ 2 տարվա ընթացքում սուբսիդավորել այն։ Տարվա ընթացքում պետք է կանխատեսումներ անենք, որ 2018-ի բյուջեում համապատասխան միջոցներ հատկացնենք»,-ասաց վարչապետը: