Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոնը դիմել է դատախազություն՝ օֆշորային հաշվի մասին լուրերի պատճառով

16:41 • 04.05.17

Ֆրանսիայի դատախազությունը հաստատել է նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնից հայց ստանալն օֆշորային հաշվետեր լինելու մասին համացանցում կեղծ տեղեկատվության տարածումից հետո, հայտնում է Reuters գործակալությունը: Դատախազությունը հետաքննություն է սկսել  ընտրությունների վրա ազդեցություն թողնելու նպատակով կեղծ լուրերի տարածման շուրջ կասկածանքների առնչությամբ:


Գործակալության հաղորդմամբ՝ հինգշաբթի Մակրոնը հայց է ներկայացրել դատարան օֆշորային հաշիվ ունենալու մեղադրանքների առնչությամբ, որոնց մասին նշել է իր մրցակից Մարին Լը Պենը չորեքշաբթի կայացած հեռուստաբանավեճի ընթացքում:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ անցած չորեքշաբթի կայացած վերջին հեռուստաբանավեճից կարճ ժամանակ առաջ համացանցում սկսվել է նախագահական ընտրություններում ֆավորիտ համարվող Մակրոնի վարկաբեկման արշավ, որի շրջանակներում նա մեղադրվել է օֆշորային հաշիվ ունենալու և այդ մասին տեղեկությունները թաքցնելու համար: Դրանից հետո «Առաջ» շարժումը որոշում է կայացրել դիմել դատարան՝ մեղադրելով «Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լը Պենին այդ կեղծ տեղեկատվության տարածման համար:


Ֆրանսիայում պաշտոնական քարոզարշավն ավարտվում է ուրբաթ կեսգիշերին: Երկրի քաղաքացիներն ընտրատեղամասեր են գնալու կիրակի օրը՝ ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երկու ամենաշատ ձայները հավաքած թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար:


«Ես երբեք հաշիվ չեմ ունեցել օֆշորում: Այս ամենի հետևում Լը Պենն է: Նա ինտերնետային բանակ ունի, որը մոբիլիզացվում է»,- ասել է Մակրոնը France Inter ռադիոյին: Նա հավելել է, որ Լը Պենը «կեղծ տեղեկատվություն և ստեր տարածող» դաշնակիցներ ունի, որոնք «որոշ դեպքերում կապված են ռուսական շահերի հետ»: