Ֆրանսիայի նախագահ է ընտրվել Էմանուել Մակրոնը
«Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, հաղթելով կիրակնօրյա ընտրություններում, դարձել է Ֆրանսիայի նախագահ։
Ինչպես հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը, Մակրոնն ստացել է ընտրողների ձայների 66,06 տոկոսը։ Մակրոնը մեծ առավելությամբ շրջանցել է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին, ով ստացել է ձայների 33,94 տոկոսը։
Մակրոնին շտապել են շնորհավորել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այսպես՝ 39-ամյա նախագահը շնորհավորանքներ է ստացել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից: Վերջինս շնորհավորական գրառում է հրապարակել Twitter-ում:
Էմանուել Մակրոնին շնորհավորել է նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ֆրանսիան որոշել է ներդրումներ անել ապագայի կայացման հարցում: Ցանկանում ենք աշխատել Էմանուել Մակրոնի հետ և վերստեղծել մեր միությունը», - գրել է Մոգերինին:










