Հայոց ցեղասպանության մասին առաջիններից մեկը բարձրաձայնած թուրքական «Բելգե» հրատարակչությունը ենթարկվել է ոստիկանների գրոհին
Թուրքիայի ոստիկանության հատուկջոկատայինները երեկ երեկոյան գրոհել են հեղինակավոր «Բելգե» հրատարակչության գրասենյակը և առգրավել ավելի քան 2000 գիրք, այս մասին հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Հրատարակչության հիմնադիր և տնօրեն, թուրք պատմաբան, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն հաստատել է տեղեկությունը:
Նա նաև նշել է, որ գրքերի առգրավման մասին դատական որոշում չի եղել, և ոստիկանների գործողությունն անօրինական է:
Թուրքական պարբերականն ընդգծում է, որ «Բելգե» հրատարակչությունը, շուրջ 40 տարի չհրաժարվելով իր ընդդիմադիր հայացքներից, գործել է Թուրքիայում և զբաղվել բազմաթիվ օտարալեզու պատմագիտական գրքերի թուրքերեն թարգմանությամբ, ինչպես նաև թուրքերեն հեղինակային գրքերի, որոնք լույս են սփռել Թուրքիայի այլընտրանքային, պաշտոնական պատմագրությունից դուրս մնացած անցյալի վրա:
Հրատարակչությունը պարբերաբար ենթարկվել է հարձակումների և ժամանակ առ ժամանակ ստիպված եղել դադարեցնել աշխատանքը:
«Բելգե» հրատարակչությունն առաջիններից էր Թուրքիայում, որն անդրադարձել է Հայկական հարցին դեռևս 1990-ականների սկզբին: «Բելգե» հրատարակչությանն են պատկանում «Հուշամատյան ապրիլի 24-ի», «Թուրքիայի վարած ուծացման և լեզվասպանության քաղաքականությունը», «Հայոց ցեղասպանություն» և Հայկական հարցին նվիրված տասնյակ այլ գրքեր:










