Իտալական գյուղը 2000-ական եվրո է առաջարկում նոր բնակիչներին

19:37 • 10.05.17

Բնակչության նվազման դեմ պայքարի համար իտալական Բորմիդա կոմունայի քաղաքապետ Դանիելե Գալյանոն որոշել է դրամական փոխհատուցում վճարել ավանի բոլոր նոր բնակիչներին: 

«Եթե մշտական բնակության տեղափոխվեք մեր կոմունայում, մենք 2000 եվրո կվճարենք ձեզ», -Euromag-ի հաղորդմամբ՝ ասել է քաղաքապետը: 

Բորմիդան գտնվում է Սավոնա գավառում` Ջենովայի հարևանությամբ: Չնայած բնության և ճարտարապետական գեղեցիկ հուշարձաններին, գյուղն ընդամենը 394 բնակիչ ունի և կանգնած է հերթական ուրվական քաղաքը դառնալու վտանգի առաջ: 

Գումար առաջարկելը տեղի իշխանությունների հերթական հուսահատ փորձն է պահպանելու քաղաքի բնակչությունը: Երկու հազար եվրո կստանան այն բնակիչները, ովքեր տուն կգնեն կամ կվարձեն Բորմիդայում և կտեղափոխվեն այնտեղ բնակվելու:   

Այստեղ կա հյուրանոց, 4 ռեստորան և գրադարան: