Վաշինգտոնում ՌԴ արտգործնախարարի հանդիպումները կարևոր են նաև ղարաբաղյան հակամարտության համատեքստում. National Interest

03:27 • 12.05.17

Սպիտակ տանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած ամերիկյան կողմի հանդիպումները հույժ անհրաժեշտ էին Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայում, ինչպես նաև Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի համատեքստում, հաղորդում է National Interest-ը:


Պարբերականի գլխավոր խմբագիր Նիկոլաս Գվոզդևը նշում է, որ վերջերս Պուտինն իր հերթին մի շարք նշանակալից հանդիպումներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Միաժամանակ, Ռուսաստանի ղեկավարության կողմից առաջ է քաշվել Սիրիայում դեէսկալացիոն գոտիներ ստեղծելու նախագիծը։


Բացի այդ, օրերս Հարավային Կորեայում նոր նախագահ է ընտրվել, և բնավ չի բացառվում, որ Սեուլը կդիմի Մոսկվային՝ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության հարցում աջակցություն ակնկալելով։


«Մինչդեռ իրավիճակն Ուկրաինայում ծայրաստիճան անկայուն է մնում, իսկ Լեռնային Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների միջև հակամարտության հերթական սրացման վտանգ կա», - նշում է հոդվածագիրը, ում կարծիքով Լավրովը Վաշինգտոն է բերել այն ուղերձը, որ ցանկացած հակամարտության պարագայում Մոսկվան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց գերիշխանությունը վերջինիս զիջելու հարցն անգամ չի քննարկվում։


Այսպիսով, Ռուսաստանի հետ համագործակցության յուրաքանչյուր ակնկալիքի հիմքում լինելու է ԱՄՆ-ի փոխզիջելու պատրաստակամությունը։


«Մոսկվայի առաջարկները միգուցե բնավ ԱՄՆ-ի շահերից չեն բխում, բայց միևնույն է պետք է շարունակել բանակցել Ռուսաստանի հետ կողմնորոշվելու համար, թե հնարավոր է արդյոք ընդհանուր հայտարարի գալ։ Իսկ եթե Ռուսաստանի առաջարկներն ամեն դեպքում մերժվեն, ապա գոնե այդ մերժման հիմքում պետք է ընկած լինի ԱՄՆ շահերի ողջամիտ գնահատականը», - եզրակացնում է Գվոզդևը: