Գերմանական պարբերականի՝ Թուրքիայում կալանավորված լրագրողին չի փրկի անգամ Հռոմի պապը. Վատիկանում Թուրքիայի դեսպան

10:23 • 12.05.17

Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջըն հայտարարել է, որ գերմանական Die Welt պարբերականի թղթակիցներից Դենիզ Յուջելին, որը կալանավորվել է Թուրքիայում, չի կարող փրկել անգամ Հռոմի պապը:

Ինչպես գրում է demokrathaber.org-ը, դեսպանը պնդել է, որ Թուրքիան ազատ և ժողովրդավար երկիր է, իսկ Յուջելի հետ կապված որոշումը թուրքական արդարադատությունը կայացրել է ձեռքի տակ եղած ապացույցների և «թուրքական արդարադատության սեփական օրենքներով»: Փաչաջըն հավաստիացրել է, որ Հռոմի պապի՝ Յուջելին ներում շնորհելու ուղերձն այս գործում ոչ մի նշանակություն չի ունենա:

Այս ամենից հետո Վատիկանում Թուրքիայի դեսպանը նշել է, որ Թուրքիայում մամուլի հանդեպ ճնշումների և ժողովրդավարական նորմերի խախտման մասին պնդումները հատուկ միտում ունեն վարկաբեկելու երկրի իշխանություններին և դրա հետևում կանգնած են 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Յուջելի կալանավորման լուրն անվանել էր ցավալի ու հիասթափեցնող, իսկ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ անգամ պահանջել էին արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի կառավարության անդամների մուտքը Գերմանիա և Եվրամիության այլ երկրներ:

Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթներն ու հանդիպումները թուրքական համայնքի հետ, ինչը կոշտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի և նախագահ Էրդողանի կողմից:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ գերմանական Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար: