Աջափնյակի ընտրատեղամասերում խախտումներ չեն գրանցվել. թիվ 6 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ
Երևանի ավագանու ընտրություններին թիվ 6 ընտրատարածքի 52 ընտրատեղամասերից ժամը 12:00-ի դրությամբ լուրջ ահազանգեր չեն ստացվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աջափնյակն ընդգրկող թիվ 6 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վահրամ Հարությունյանը:
Հարցին, թե գրառումներ կան, որ Աջափնյակի, օրինակ, Թիվ 6/9 ընտրատեղամասում ընտրողների թվից ավելի շատ քաղաքացիներ են մեկնել, կուտակումներ կա՞ն, Վահրամ Հարությունյանը պատասխանեց. «Չի կարող նման բան լինել: Ժամը 11-ի դրությամբ 6/9 ընտրատեղամասում գրանցվել է 201 ընտրող, իսկ ընտրողների ընդհանուր թիվը 1869 է»:
Հարցին, թե ինչ ընտրախախտումների մասին են ահազանգեր ստացել Թիվ 6 ընտրատարածքի ընտրատեղամասերից, Վահրամ Հարությունյանը պատասխանեց, որ լուրջ ահազանգեր չեն ստացել. «Ոչ մի լուրջ ահազանգ չենք ստացել, խախտումներ չկան»:
Հարցին,թե ավագանու ընտրություններին մասնակից բոլոր երեք ուժերը՝ ՀՀԿ-ն, «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանին» ունե՞ն իրենց ներկայացուցիչները բոլոր ընտրատեղամասերում, Վահրամ Հարությունյանը պատասխանեց, որ առավոտյան ժամը 08:20-ի դրությամբ մի քանի ընտրատեղամասերում ՀՀԿ-ն ու «Ելք»-ը ներկայացուցիչներ չեն ունեցել:










