Թուրքիան պատրաստվում է ևս մեկ ռազմաբազա կառուցել Սիրիայի հյուսիսում

20:39 • 15.05.17

Թուրքիան մտադիր է նոր ռազմաբազա հիմնել Սիրիայի հյուսիսում, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը` հղում անելով երկրի փոխվարչապետերից Վեյսի Քայնաքի արած հայտարարությանը:

Քայնաքը, մասնավորապես, հայտնել է, որ Թուրքիայի ԶՈւ-ի ԳՇ-ն մտադիր է արդեն երկրորդ բազան հիմնել Սիրիայի հյուսիսում և այս անգամ այն կտեղակայվի Էլ Բաբ շրջանից քիչ արևմուտք:

Փոխվարչապետը նաև նշել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերն արդեն տեղեկացված են այդ մասին:

Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում։ Թուրքական ԶՈւ-ն պայքարում էր նաև քրդական խմբավորումների դեմ:

«Եփրատի վահան» անվանումը ստացած ռազմական գործողության ավարտից հետո էլ այս տարվա ապրիլի 25-ին թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 մարտիկ: