Շենքին եմ ծանոթանում, վատ առիթով եմ եղել. Ալիկ Սարգսյանը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ Արարատի մարզի տարածքային պատասխանատու Ալիկ Սարգսյանը այսօր 6-րդ գումարման նորընտիր խորհրդարանի նիստին մասնակցելով՝ չթաքցրեց, որ շատ նորեկների նման, ովքեր լրագրողներից հարցնում էին այս կամ այն սենյակի կամ բուֆետի տեղը, ծանոթանում է շենքին:
«Շենքին եմ ծանոթանում, վատ առիթով եմ եղել այս շենքով, հիմա լավ առիթով եմ եկել, ուզում եմ՝ տպավորությունս փոխեմ»,-ասաց ՀՀ նախկին ոտիկանապետը՝ մանրամասնելով, որ խոսքը 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի մասին է:
Լրագրողի հարցին, թե իրենց արդեն բացատրե՞լ են՝ ինչպես են կոճակ սեղմելու, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Չէ, ես փորձում եմ հասկանալ, կարիք չկա, կհասկանամ»:
Անդրադառնալով ապրիլի 2-ի ընտրություններին՝ Ալիկ Սարգսյանն ասաց, թե այս ընտրությունները առավել, քան կարևոր էին:
«Եվ ժողովրդի ուշադրությունն էինք հրավիրում, որ ճիշտ կողմնորոշվեն, ճիշտ ընտրություն կատարեն, որովհետև 5 տարիների ընթացքում Ազգային ժողովը լինելու է, հիմնականում, երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը և շատ ավելի շատ կարևոր խնդիրներ է լուծելու, քան նախկին տարիներին: Գիտեք՝ սահմանադրական կարգը փոխվեց, հիմա կարևորում ենք այդ աշխատանքները: Բայց մնացածը, երևի թե, ընթացքում կմեկնաբանեմ: Թույլ տվեք անցնենք աշխատանքի»:










