Պեկինը Վաշինգտոնից 100 օր է խնդրել Հս. Կորեային «հանդարտեցնելու» համար. լրատվամիջոցներ

09:29 • 22.05.17

Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին խնդրել է առաջիկա 100 օրվա ընթացքում կոշտ քայլեր չձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ:

Այս մասին հայտնում է The Asahi Shimbun ճապոնական պարբերականը՝ ճապոնական և ամերիկյան աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ 100 օրվա ընթացքում Պեկինը պետք է փորձի օգտագործել Փհենյանի նկատմամբ ունեցած ազդեցության լծակներն ու այնպես անի, որպեսզի Հյուսիսային Կորեան թուլացնի վարած ագրեսիվ քաղաքականությունը:

Աղբյուրը նկատում է, որ թեպետ Թրամփը համաձայնել է պահանջված ժամանակը հատկացնել Չինաստանին, այնուհանդերձ՝ խոստացել է պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի հետ համագործակցող չինական ընկերությունների նկատմամբ, եթե Պեկինը 100 օրվա ընթացքում չկարողանա «հանդարտեցնել» Փհենյանին:

Հայտնի է, որ Ձինփինի խնդրած 100 օրվա ժամկետը լրանում է հուլիսին:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Կորեական թերակղզու շուրջ նախապատերազմական իրավիճակ է ստեղծվել: Հյուսիսային Կորեան, շարունակելով անտեսել միջազգային հանրության նախազգուշացումները, իրականացնում է բալիստիկ հրթիռների արձակում: Մինչդեռ ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան այդ գործողությունները որակում են «սադրիչ» ու սպառնում համարժեք հակահարված հասցնել: