Բաքվի ռազմատենչ կեցվածքը չի լուծի ԼՂ հարցը. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Ստամբուլում ՍԾՏՀ հիմնադրման 25-ամյակի գագաթաժողովին
Մայիսի 22-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը, որին նախորդել են ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը:
Գագաթաժողովը բացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնակցում էին Հունաստանի, Մոլդովայի նախագահները, Ռուսաստանի վարչապետը, մի շարք երկների փոխվարչապետեր, ԱԳ նախարարներ և փոխնախարարներ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Գագաթաժողովին և ԱԳ նախարարների հանդիպմանը ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթներով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Գագաթաժողովին իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է անցած 25 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում իրականացված աշխատանքին՝ կարևորելով կազմակերպության տնտեսական բաղադրիչի զարգացման ու ամրապնդման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, բազմակողմ և երկկողմ ձևաչափերով մշակված տնտեսական նախագծերը չեն կարող լիարժեք իրականացվել փակ սահմանների առկայության դեպքում, իսկ տարածաշրջանային տնտեսական նախագծերը պետք է ներառեն բոլոր անդամ պետություններին՝ բացառելով որևէ խտրականություն:
Անդրադառնալով գագաթաժողովին Ադրբեջանի ԱԺ նախագահ Օքթայ Ասադովի ելույթում Հայաստանին հասցեագրված մեղադրանքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին փորձ կատարեց օգտագործել ՍԾՏՀ ամբիոնը` ներկայացնելու ԼՂ հակամարտության աղավաղված պատկերը:
«Մենք համոզված ենք, որ այս գագաթաժողովը այն տեղը չէ, իսկ ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անելով սա՝ ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ Կանոնադրության, կազմակերպության սկզբունքների և նպատակների և այս գագաթաժողովի նկատմամբ»,- նշել է Հովակիմյանը:
Ադրբեջանի շարունակական ռազմատենչ քաղաքականության, մասնավորապես, ապրիլան ագրեսիայի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է այդ ջանքերի տապալման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը. «Մեղադրանքները, ռազմատենչ կեցվածքը և միակողմանի առավելապաշտական պահանջները չեն կարող լուծել հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ հնարավոր է հասնել առաջընթացի, եթե Ադրբեջանը հրաժարվի ուժ գործադրելու քաղաքականությունից և բարեխղճորեն ներգրավվի բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ձևաչափի շրջանակներում»:
Գագաթաժողովն ընդունել է ՍԾՏՀ հոբելյանական հռչակագիրը, որտեղ մեկ անգամ ևս վերահաստատվել է կազմակերպության տնտեսական բնույթը:










