Այս ամենը չի կարող այսքան հեշտ ընդունվել. ԱՄՆ պետքարտուղարն Էրդողանի թիկնազորի՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակման մասին

10:05 • 22.05.17

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անդրադարձել է օրեր առաջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում էրդողանամետ խմբի՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակման միջադեպին:

Ամերիկյան Fox TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Թիլերսոնը, ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է որևէ քայլ ձեռնարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի իրականացրած հարձակման հետ կապված, պատասխանել է. 

«Մենք Թուրքիայի դեսպանին կանչել ենք Պետքարտուղարություն և հայտնել, որ այս ամենը չի կարող այսքան հեշտ ընդունվել: Սկսված է հետաքննություն, որն այս պահին շարունակվում է: Մինչ որևէ որոշում կայացնելը՝ պետք է սպասենք դրա արդյունքներին: Սակայն թուրք դեսպանին մեր մտահոգությունն արդեն հայտնել ենք»:

Ամերիկացի լրագրողը, սակայն, Թիլերսոնին հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը սառնասրտորեն հետևել է ծեծկռտուքին, ինչին ի պատասխան Թիլերսոնը նորից կրկնել է, որ հարկավոր է սպասել հետաքննության արդյունքներին:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:

Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ինչպես Facebook-ի իր էջում գրել էր Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից: