«Ազատ դեմոկրատներ»-ը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. կուսակցության փոխնախագահ
Tert.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի հետ զրուցել է կուսակցության ներկայիս պասիվության և հետագա գործունեության մասին: Վերջինս շեշտեց, թե իրենց կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը և հետագա բոլոր քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցություն է ունենալու: Ավելին՝ Խաչատրյանը շեշտեց, որ գալիք ՏԻՄ ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ակտիվ մասնակցություն է ունենալու: Վերջինիս խոսքով՝ իրենց կուսակցությունը բաց է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցում:
- Խորհրդարանական ընտրություններից հետո «Ազատ դեմոկրատներ»-ը պասիվացել է, կարծես, ու քաղաքական ակտիվ գործունեություն չի ծավալում: Ինչո՞վ է սա պայմանավորված, Դուք քաղաքական արձակուրդի մե՞ջ եք:
- Ո՛չ, որևէ արձակուրդի մասին խոսելն իմաստ չունի, չկա քաղաքական արձակուրդ, քանի որ քաղաքական գործունեությունը, ակտիվությունն ամեն օր ինչ-որ բան գոռալով ու բարձրաձայնելով չէ: «Ազատ դեմոկրատներ»-ը շարունակում է իր քաղաքական գործունեությունն իր քաղաքական օրակարգով հանդերձ: Բոլոր կարևոր հարցերի հետ կապված մենք մեր հայտարարություններն ու դիտարկումներն արել ենք ու շարունակելու ենք անել: Մեր քաղաքական օրակարգը հստակ է և մենք մեր առաջիկա գործունեությունն էլ ծավալելու ենք հավատարիմ մնալով դրան: Իսկ մեկնաբանությունները, թե միայն խորհրդարանում են քաղաքական ուժերն ակտիվ, «Ազատ դեմոկրատներ»-ի համար անընդունելի է, քանզի քաղաքական գործունեությունը միայն խորհրդարանով չէ որ սկսվում և ավարտվում է:
- Հիմա Ձեր քաղաքական օրակարգը ո՞րն է, Ձեր ասելիքը Ձեր զանգվածին ո՞րն է:
- Մեր քաղաքական օրակարգը երբեք չի փոխվել, ընդհանրապես, բոլոր քաղաքական ուժերի համար ճիշտ կլիներ, եթե օրակարգն ու որդեգրած մոտեցումները եղանակային պայմաններից ելնելով չփոխեին, այլ միշտ առաջ տանեին: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համար շարունակում են կարևոր մնալ երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրները: Մենք միշտ ասել ենք, որ ՀՀ-ի համար զարգացման միակ ուղին արդիականացումն է, որը հնարավոր է միայն ինտեգրվելով զարգացած, քաղաքակիրթ աշխարհաքաղաքական կենտրոնին: Անընդհատ խոսելով տարբեր տնտեսական ծրագրերի մասին՝ մենք միայն տեսնում ենք հետընթացը, փոխարենը՝ տեսնում ենք, թե ինչպես է հարևան երկիրը տնտեսական, քաղաքական առումով զարգանում: Երկրի ներսի խնդիրները պայմանավորված են նաև արտաքին քաղաքական գծից, իսկ մենք միշտ պնդել ենք, որ ՀՀ արտաքին քաղաքական գիծը սխալ է այն պահից, երբ ՀՀ-ն անդամակցեց ԵԱՏՄ-ին: Այսօր խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, սակայն մենք միայն տեսնում ենք խոսքը, իսկ գործը չի երևում: Ծրագրերը, որոնք մենք մինչ այս ունեցել ենք և առաջ ենք տարել, շարունակվելու են, վստահ եմ՝ մեր համակիրների թիվը ևս շարունակելու է աճել:
- Դուք ասում եք, թե կարևոր իրադարձությունների հետ կապված հայտարարություն արել եք, բայց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտարարություն չարեցիք, նաև Ձեր ընտրազանգվածը չուղղորդեցիք, արդյունքները չամփոփեցիք, ի՞նչ է, կարևոր իրադարձություն չէ՞ր:
- Բնականաբար, չենք ուղղորդել: Բայց հարցազրույցներ ենք տվել և ասել, որ մեր ընտրազանգվածին որևէ կուսակցության ընտրելու կոչով չենք դիմելու, քանի որ մեր ընտրազանգվածը գիտի, կարողանում է ծրագրեր վերլուծել: Մեր կուսակիցներինև համակիրներին մենք ազատ ենք թողել, որովհետև ընտրությունը պետք է յուրաքանչյուր քաղաքացի ազատ կատարի, վստահ եմ՝ կոչի կարիք չկար: Ի վերջո, ավագանու ընտրությունների ընթացքում, ցավոք, մենք իրական ծրագրային պայքար էլ չտեսանք: Ասում էին, որ այս ընտրությունները քաղաքական չեն, սակայն պետք է գոնե ներկայացնեին Երևան քաղաքի զարգացման ծրագիրը, որը կրկին չտեսանք: Ընտրություններին մասնակցող ուժերը զբաղված էին միմյանց վարկաբեկելով, ինչն էլ երևանցուն հնարավորություն չտվեց տեսնելու, թե իր քաղաքի զարգացման,քաղաքային տնտեսության բարելավման ուղղությամբ ո՞վ ինչ է իրենց առաջարկում: Կարծում եմ, հենց այս խնդրով էր նաև պայմանավորված ավագանու ընտրությունների ցածր մասնակցությունը: Ավագանու ընտրություններին էլ եղավ վարչական ռեսուրսի կիրառում, ճնշումներ մարդկանց վրա, ընտրակաշառք և այլն:
- Տեսակետ կա, որ այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը բավական մարդկային ռեսուրս չունի քաղաքական լայն գործունեություն ծավալելու՝ հաշվի առնելով նաև այն, որ խորհրդարանական ընտրություններին Ձեր կուսակցության ցուցակով անկուսակցականներ և այլ կուսակցության անդամներ կային:
- Խորհրդարանական ընտրություններին անկուսակցականներին մեր ցուցակում ընդգրկելն այլ տրամաբանությունն ուներ՝ հիմնական նպատակն ազատական գործիչների կոնսոլիդացիան էր, ինչը մեզ հաջողվեց: Մեզ հաջողվեց տարիներ շարունակ իրենց գաղափարներն, ազատական մոտեցումները, սկզբունքները պահած մարդկանց հետ շատ քաղաքական, տնտեսական ծրագրեր ներկայացնել: Այլ հարց է, թե ընտրություններում ինչ արդյունքներ եղան, սակայն ընտրությունների համար էլ ասել եմ ու կկրկնեմ, որ եղել են տարբեր խախտումներ, իրական քաղաքական պայքար չեղավ: Ճիշտ չէ, թե մենք կադրային խնդիր ունեինք, մենք որևէ ոլորտում կադրերի բացակայության խնդիր չենք ունեցել ու չունենք: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվել է այնպիսի մարդկանց կողմից, որոնք անկախ հանրապետության առաջին իսկ օրվանից լծված են եղել պետականաշինության գործին, ունեն քաղաքական մեծ փորձ: Մեր անդամները նաև երիտասարդներ են՝ բարձր ու որակյալ կրթությամբ, որոնք հավատում են իրական գաղափարին:
- Առաջիկայում հանրապետությունում որևէ ընտրություն չի լինելու, կուսակցությունում քննարկե՞լ եք, թե ինչպես է կուսակցությունը փորձելու վերաարժևորել իր դերակատարությունը հայաստանյան քաղաքական դաշտում:
- Հայաստանյան քաղաքական դաշտում միայն ընտրություններով չէ, որ պետք է տեղավորվել, միայն խորհրդարանով չէ քաղաքականությունը: Բնականաբար, խորհրդարանը տալիս է երևալու հարթակ, լրատվամիջոցներն էլ առավել շատ են լուսաբանում խորհրդարանական գործունեությունը: Սակայն կան տարբեր տեղական ինքնակառավարման ընտրություններ, որոնց մենք նպատակ ունենք մասնակցելու: Առաջիկայում տարբեր զարգացումներ են սպասվում, քաղաքական իրադարձություններ կլինեն, որոնց մեջ հաստատ կտեսնեք «Ազատ դեմոկրատներ»-ի մասնակցությունը: Սակայն կուսակցական գործունեությունը ամենօրյա աշխատանք է, որը պարտադիր չէ օնլայն ռեժիմով հեռարձակել:
- «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն այսօր պետք է ընդդիմադի՞ր քաղաքական ուժ համարել:
- Բնականաբար, ինչո՞ւ, ինչ-որ բան մեր ծրագրում, օրակարգում փոխվե՞լ է՝ ոչ, չի փոխվել: «Ազատ դեմոկրատներ»-ը ստեղծման օրվանից եղել ու մնում է ընդդիմադիր ուժ, սակայն ընդդիմադիր ուժ ասելն ինքնանպատակ չէ ու միայն ասելով չէ: Ընդդմիադիր լինել՝ նշանակում է ունենալ իշխանությունների ծրագրերից տարբերվող զարգացման տեսլական: Մեր ծրագրերը թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական առումով առանցքային տարբերվում են իշխանության ծրագրերից:
- Ընդդիմադիր «Երկիր ծիրան»-ի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ցանկանում է ազգային դիմադրության պլատֆորմ ստեղծել: Դուք կմիանա՞ք նրան, ակտիվ կաշխատենք նրանց հետ:
- «Երկիր ծիրանի»-ի նախագահը մեկ անգամ հայտարարել է դրա մասին, սակայն ի՞նչ է իրենից ներկայացնում ազգային դիմադրության պլատֆորմը, ի՞նչ է անելու, ի՞նչ ծրագրեր է իրականացնելու ծրագրային առումով՝ չենք տեսել: Եթե հստակ քաղաքական ծրագիր ու առաջարկ կլինի, ապա մենք՝ որպես կուսակցություն, բաց ենք համագործակցության, քննարկման: Ուժը, որը ցանկանում է երկում իրավիճակ փոխել, մենք նրանց հետ պատրաստ կլինենք քննարկման և համագործակցության, եթե նրանց ծրագրերը մեր սկզբունքներին ու տեսլականին համապատասխանում են:
- Ընդդիմադիրներից «Ելք» դաշինքն անցավ խորհրդարան: Նրանց մասին ի՞նչ կարծիքի եք, պատրա՞ստ եք նրանց հետ համագործակցության՝ հաշվի առնելով նաև այն, որ գաղափարներով էլ հեռու չեք:
- Այս պահի դրությամբ որևէ քննարկում չկա: Կրկնեմ, որ մենք՝ որպես կուսակցություն, միշտ էլ պատրաստ ենք եղել քննարկման, տարբեր ծրագրերի մենք մասնակցել ենք: Եթե ծրագիրը փոփոխություն է բերում, բարելավում է ՀՀ քաղաքացու կյանքը, ապա մենք մասնակցում ենք: Հինգերորդ գումարման Ազգային ժողովում մենք մասնակցել ենք տարբեր նախաձեռնությունների, այդ թվում ՀԱԿ–ի ստորագրահավաքին՝ ՍԴ դիմելու, նաև «Հաց բերողին» ազատ արձակելու ստորագրահավաքին և այլն, այսինքն՝ մենք միշտ եղել ենք համագործակցության կողմնակից: Մենք հանուն փոփոխության, հանուն դրականի, հանուն մեր քաղաքացու կյանքի բարելավման պատրաստ ենք համագործակցության: Եթե լինեն առաջարկներ և անհրաժեշտություն, բնականաբար, կհամագործակցենք նաև «Ելք»-ի հետ:










