«Ծառուկյան» դաշինքում մանդատները վայր դրած պատգամավորներին փոխարինողների հարցը դեռ չի քննարկվել. Իվետա Տոնոյան

18:46 • 23.05.17

«Ծառուկյան» դաշինքում մանդատները վայր դրած 3 պատգամավորներին փոխարինողների հարցը դեռ չի քննարկվել, քանի որ օրենքով սահմանված կարգով մանդատները վայր դնելուց հետո 7 օրյա ժամկետում նոր վերջնականապես ընդունվում է նրանց հրաժարականը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Երբ կավարտվի իրավական մասը, այդ ժամանակ էլ քննարկում կլինի և համապատասխան որոշում կկայացվի, թե ովքեր են ստանալու այդ երեք մանդատները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին «Ծառուկյան» դաշինքից երեք պատգամավոր՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը մանդատները վայր դնելու դիմումներ էին ներկայացրել ԱԺ նախագահին։ 

Մանդատները վայր դրած երեք պատգամավորներն էլ ռեյտինգային ընտրակարգով էին ընտրվել, և ըստ Ընտրական օրենսգրքի՝ պատգամավորներին պետք է փոխարինեն նույն ընտրատարածքներում ձայների քանակով նրանց հաջորդողները:

«Բայց Ծառուկյան դաշինքում մարդիկ կան, ովքեր ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել և պետք է քննարկվի իրենց դիմումները և խմբակցությունում որոշում կայացվի: Օրինակ՝ Արագածոտնի մարզում առավելագույն ձայները հավաքածը Խաչիկ Մանուկյանն է եղել, նրան հաջորդել է Լյովա Խաչատրյանը, իսկ երրորդ տեղում եղել է Նորա Առուստամյանը: Բայց այս պահին չեմ կարող հստակ ասել, որովհետև Լյովա Խաչատրյանը,  կարծես, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Դրա համար պետք է քննարկենք»,- նշեց Տոնոյանը: