ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

11:41 • 23.05.17

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Վերջինս նշեց, որ ադրբեջանական ագրեսիայի պատճառը միշտ մեկն է, բայց առիթները տարբեր են. «Դրանք մեկը չեն, երկուսը չեն, տասնյակ առիթներ կան, որոնք հրահրում են Ադրբեջանի իշխանություններին լարել իրավիճակը»:

Հրանտ Մելիք Շահնազարյանի խոսքով՝ վերջին շրջանի զարգացումների ֆոնին հետաքրքիր շեշտադրումներ եղան մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

«Նախագահ Սարգսյանի խոսքը ԱԺ 6-րդ գումարման մեկնարկի ժամանակ նոր տեմպ է հաղորդում հակամարտության կարգավորման քննարկումներին: Երբ Սերժ Սարգսյանը խոսում էր փոխզիջումային տրամաբանության մասին, նա ասաց, որ փոխզիջում ասելով հասկանում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում: Փոխզիջումային հասկացողությանը որոշակի նոր գնահատական է տրվել: Եթե մինչ ապրիլ հայկական կողմը փոխզիջում ասելով ենթադրում էր տարածքների զիջում, ապա պաշտոնական Երևանը դրա մասին հիմա այլևս չի խոսում, ինչը նյարդայնացնում է նրանց:

Հայկական կողմը տարածքային զիջումներ անել չի կարող, որքան էլ անգամ մենք հայտարարենք, իրենք էլ հայտարարեն, որ դրան պատրաստ են: Չկան մեխանիզմներ, որոնք կյանքի կկոչեն փոխզիջումները: Բայց հայկական կողմում հստակ բանակցային դիրքորոշման փոփոխություն է եղել, ինչին էլ ագրեսիվ են արձագանքում ադրբեջանական իշխանությունները»,- ասաց Հրանտ Մելիք Շահնազարյանը:

Քաղաքագետը նաև շեշտեց, որ կարևոր էր Սերժ Սարգսյանի ելույթը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: «Նախագահն ասաց, որ Մադրիդյան սկզբունքները բավական շատ հարցեր են առաջացնում: Պաշտոնական Երևանն առաջին անգամ է, որ քննադատում է այս փաստաթուղթը, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են: Բոլոր այն փաստաթղթերը, որոնք նախկինում քննարկվում էին, առնվազն հարցեր են առաջացնում Երևանում»,- ընդգծեց Հ. Մելիք-Շահնազարյանը:

Ըստ քաղաքագետի՝ հայկական կողմը ուղերձ է հղել, որ Մադրիդյան սկզբունքների վրա հենվել այլևս հնարավոր չի լինի, եթե ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները վերսկսվեն:

«Հասկանալի, է, որ ապրիլյան իրադարձություններից հետո պետք է նման փոփոխություններ լինեին: Բանակցային տրամաբանությունը փոխվել է: Դժվար է ասել՝ ապրիլից հետո փոխվեց, թե առաջ, բայց փաստն այն է, որ ունենք այլ իրավիճակ»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ սրան զուգահեռ կա երկրորդ ուշագրավ զարգացումը՝ Ադրբեջանում սկիզբ առած լրտեսական սկանդալը: Վերջին օրերին, նրա խոսքով, 5-րդ լուրն ենք ստանում այն մասին, որ զինվորները սպանվում են Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից, փակ դագաղներով հողին են հանձնվում: «Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում լուրջ խնդիրներ կան, բարոյահոգեբանական ցածր մակարդակ, պատրաստվածության բացակայություն: Այս պահին չի կարող պատերազմ վերսկսվել, որքան էլ նրանց դա պետք լինի ապրիլյան ձախողումները վերականգնելու համար: Դիվանագիտական ճանապարհով այս փոփոխությանը հասնելը անհնար է, բայց ռազմական ճանապարհով հնարավոր է: Չնայած, կրկնում եմ, Ադրբեջանը չունի ռեսուրսներ»,-ասաց քաղաքագետը: