Սեյրան Օհանյանը վերադարձել է Հայաստան

17:49 • 23.05.17

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը Հայաստանում է, ինչը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց վերջինիս կինը՝ Ռուզան Խաչատրյանը։  

Ի պատասխան հարցի, թե մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ Սեյրան Օհանյանը արտագաղթել է Ռուսաստան, տիկին Խաչատրյանն ասաց. «Սրանք երևի թե մամուլի ենթադրություններն էին: Դուք գիտեք, որ ինքը երկար տարիներ մեր ռազմաքաղաքական պատասխանատուներից մեկն է և չի դադարի երբևիցե լինելուց: Չեմ կարծում»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի ընտրություններից հետո 168.am-ը տեղեկացրել էր, թե ՕՐՕ դաշինքի առաջնորդները Հայաստանում չեն։ Մասնավորապես՝ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն ԱՄՆ-ում է, զբաղված է դասախոսություններով, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս ԱՄՆ-ում է՝ անձնական խնդիրներով։ Իսկ Սեյրան Օհանյանի օգնական ներկայացած անձ հայտնել էր, որ նա Հայաստանում չէ:

«Ժամանակ» օրաթերթն էլ հայտնել էր, որ Մոսկվայում գտնվող Սեյրան Օհանյանը «նեղ շրջապատում ասել է, որ չի ցանկանում այլևս վերադառնալ Հայաստան»:

Ի պատասխանել հարցին էլ, թե ինչով է զբաղվելու Սեյրան Օհանյանը հետայսու, Ռուզան Խաչատրյանն ասաց. «Չեմ ուզում իմ անունից հանդես գալ, և ինչպես մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի՝ մտահոգված երկրի ապագայով, Սեյրան Օհանյանն իր կարծիքը կհայտնի: Միայն ասեմ, որ նորմալ, մարդկային հարաբերություններ ունի բոլոր կուսակցությունների, երկրի բոլոր կարևոր պաշտոններում գտնվող անձանց հետ: Այ սա կարող եմ հաստատ ասել: Բոլորը բոլորի հետ շփվում են, անկախ նրանից, թե ինչպիսի կարծիքներ ունեն ապագայի (երկրի կառավարման ձևի) վերաբերյալ: Եվ երբևիցե չեմ կարծում, որ այդ հարաբերությունները թշնամական կլինեն»: