Թրամփի փեսան առաջարկել է ՌԴ դեսպանին Կրեմլի հետ կապի ալիք ստեղծել. The Washington Post
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները և Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը քննարկել են Թրամփի անցումային թիմի և Կրեմլի միջև «գաղտնի և անվտանգ կապի ալիքի» ստեղծման հնարավորությունը՝ փորձելով պաշտպանել Թրամփի երդմնակալությունից առաջ իրենց քննարկումները մոնիթորինգից, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով հետախուզության զեկույցին:
Ինչպես հաղորդում է թերթը, Կիսլյակը ՌԴ իշխանություններին հայտնել է այն մասին, որ Քուշներն արել է այդ առաջարկը Նյու Յորքում՝ Թրամփ-թաուերում դեկտեմբերի սկզբին կայացած հանդիպման ժամանակ: Դա հայտնի է դարձել ամերիկյան իշխանություններին «ռուսական հաղորդագրությունները որսալու» շնորհիվ, նշում է WP-ն:
Կիսլյակը նշել է, որ Քուշներն առաջարկել է օգտագործել Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դիվանագիտական ծառայության հնարավորությունները հաղորդակցությունների համար:
Հանդիպմանը նաև ներկա է եղել Մայքլ Ֆլինը, որը Թրամփի երդմնակալությունից հետո որոշ ժամանակ զբաղեցրել է ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդականի պաշտոնը, սակայն ստիպված է եղել հեռանալ իր պաշտոնից:
Նշվում է, որ Սպիտակ տունը և Ֆլինի փաստաբանը հրաժարվել են մեկնաբանություններից: Ռուսաստանի դեսպանատունն իրավիճակը պարզաբանելու խնդրանքներին չի պատասխանել:










