ՀՀԿ-ն կառավարության պատասխանատուն է. ովքեր չեն հասկանում սա, փորձում են արհեստական լարում մտցնել ՀՀԿ-ի և վարչապետի միջև. ՀՀԿ խոսնակ

18:00 • 27.05.17

Հանրապետական կուսակցության դիրքորոշումը երբեք կախված չի եղել ընդդիմադիր այս կամ այն գործիչի այս կամ այն գնահատականից: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանի հայտարարության մասին, թե քիչ հավանական է, որ Կարեն Կարապետյանը 2018թ.-ին մնա վարչապետի պաշտոնում:

Հարցին՝ ՀՀԿ-ն հարկվա՞ծ է Կարեն Կարապետյանին 2018թ.-ից հետո էլ թողնել վարչապետի պաշտոնում, թե ոչ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այս պահին ՀՀԿ-ն նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ զբաղված է 2017թ.-ի մայիսյան կառավարության ձևավորմամբ: Թե ինչ կլինի 2018թ.-ին՝ չենք քննարկել և լուրջ էլ չէ քննարկել հաջորդ տարվա զարգացումները: Նրանք, ովքեր առաջ են ընկնում և փորձում են գուշակել, թե ինչ կլինի մեկ տարի անց, նրանք կա՛մ անլուրջ քաղաքական գործիչ են, կա՛մ զբաղված են անհեթեթ զբաղմունքով»:

Իսկ այն հարցին, թե ի՞նչ գործոններով է պայմանավորված Կարեն Կարապետյանի պաշտոնավարումը նաև 2018թ.-ին, ՀՀԿ խոսնակը հորդորեց Կարեն Կարապետյանին չառանձնացնել որպես առանձին ֆիգուր, որովհետև նա քաղաքական թիմի անդամ է՝ ՀՀԿ անդամ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ:

«Խնդրում եմ ձեզ, վերլուծաբաններին, քաղաքական տարբեր գործիչներին հանրապետականներին չբաժանել՝ Կարեն Կարապետյան, Դավիթ Հարությունյան… Ինչի Հանրապետականում միայն Կարեն Կարապետյա՞նն է: ՀՀԿ-ն ունի 4 տեղակալներ, առանցքային շատ գործիչներ և սա մի մեծ թիմ է, որի ղեկավարը Նախագահ Սարգսյանն է: Օրը կգա, բարին հետը, թիմը կնստի՝ կքննարկի: Խորհրդարանական համակարգում առաջնայինը անձերը չեն, թիմերի քաղաքականությունն է»,–ասաց նա:

«Մեծ հարգանք ունենալով վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ՝ պետք է ասեմ, որ նա իրականացնում է քաղաքականություն, որը մշակվում է ՀՀԿ-ում: ՀՀԿ-ն եղել է կառավարության քաղաքական պատասխանատուն ինչպես Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, այնպես էլ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ: Նրանք, ովքեր դա չեն գիտակցում, արհեստական ջրբաժաններ ու լարումներ են փորձում մտցնել ՀՀԿ-ի ու Կարեն Կարապետյանի միջև»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ խորհրդարանական կառավարման համակարգում պատասխանատու է ՀՀԿ ողջ թիմը: Նա հորդորեց ևս մեկ անգամ «պրիմիտիվ» բաժանումներ չանել:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ 2018թ.-ին մի բան պարզ է՝ իշխանության, նոր կառավարության ձևավորումն իրականացնելու է իշխող կուսակցությունը՝ ի դեմս ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի: