Պետդեպը վերջին մոտ 20 տարվա ընթացքում առաջին անգամ հրաժարվել է Ռամադանին նվիրված միջոցառումների անցկացումից. Reuters
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մերժել է իր գլխավորած գերատեսչությունում մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադան ամսին նվիրված միջոցառումների անցկացման մասին առաջարկը, հայտնում է Reuters գործակալությունը՝ Պետդեպում աղբյուրների հղումով։
Նշենք, որ Ռամադանը սկսվում է մայիսի 27-ից։
Գործակալության տվյալների համաձայն՝ 1999 թվականից ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում Ռամադանին նվիրված միջոցառումներ են անցկացվում։ Այս ավանդույթի սկիզբը դրել է Մադլեն Օլբրայթը, հետագայում այս ավանդույթին հետևել են գերատեսչությունը գլխավորած թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները։
Սակայն այս տարի Թիլերսոնը մերժել է Պետդեպում այս իսլամական տոնին նվիրված միջոցառման նշման առաջարկը։ Գործակալության տվյալների համաձայն՝ դեռ ապրիլի սկզբին գերատեսչության համապատասխան բաժինը դիմել է պետքարտուղարին նման միջոցառումներ անցկացնելու առաջարկով, սակայն մերժում ստացել։
Ուրբաթ գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակվել է Թիլերսոնի անունից շնորհավորական ուղերձ։ «ԱՄՆ-ի, Պետքարտուղարության և իմ անունից անկեղծորեն մաղթում եմ աշխարհի մահմեդականներին խաղաղ և ուրախ Ռամադան»,- ասվում է հաղորդագրությունում։
Reuters-ը հավելում է, որ Պետդեպում գոյություն ունի տարբեր կրոնական տոներին նվիրված միջոցառումների անցկացման պրակտիկա։










