Էրդողանը խոստացել է այլևս երբեք թույլ չտալ ռազմական հեղաշրջման փորձ իրականացնել

19:26 • 28.05.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան երբեք թույլ չի տա ռազմական հեղաշրջման նոր փորձ իրականացնել, ինչպես դա տեղի էր ունեցել անցյալ տարվա հուլիսի 15-ին:

«Հուլիսի 15-ի աղետը, որը տեսանք այն ժամանակ, երբ մտածում էինք, թե հեղափոխությունների դարաշրջանը Թուրքիայում ավարտվել է, խոր վերքեր է թողել մեր ժողովրդի սրտում և հիշողության մեջ», - Gazeta.ru-ն մեջբերում է թուրք առաջնորդի խոսքը:

Նրա խոսքով` Թուրքիան ներկայում առավել վճռականորեն է պայքարում ահաբեկչական խմբավորումների դեմ, քան նախկինում, և հուլիսի 15-ին տարած հաղթանակը մեծ նշանակություն է ունեցել այդ փոփոխությունների համար:

«Հուսով եմ, որ դաս ենք քաղել հուլիսի 15-ից և երբեք թույլ չենք տա դրա կրկնությունը»,- ընդգծել է Էրդողանը:

Էրդողանի խոսքով` Գյուլենի կողմնակիցները գիտակցում են, որ «ի զորու չեն դիմագրավել թուրք ժողովրդի կամքին»:

Անցյալ տարվա դեկտեմբերին Ստամբուլում սկսվել է հուլիսյան հեղաշրջման փորձի առնչությամբ առաջին դատական գործընթացը Գյուլենի կողմնակիցների դեմ: