ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել արգելել Էրդողանի մուտքը Միացյալ Նահանգներ

22:48 • 28.05.17

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը ներկայացնող հանրապետական կոնգրեսական Դանա Ռոհրաբաչերը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին արգելել այցելել Միացյալ Նահանգներ: 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով արտաքին գործերի ենթահանձնաժողովում նախագահող կոնգրեսականը կոչով հանդես է եկել այս շաբաթ տեղի ունեցած լսումների ժամանակ` Վաշինգտոնում մայիսի 16-ին Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործը քննելիս: 

Նշելով, որ հարձակումը տեղի է ունեցել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջև և Էրդողանի ներկայությամբ` ամերիկացի կոնգրեսականը պահանջել է արգելել թուրք բռնապետի այցը երկիր: 

«Այդ զզվելի և ֆաշիստական հարձակման տեսագրությունը սահմռկեցուցիչ է: Առնվազն 11 անմեղ ամերիկացի արյունահեղության են ենթարկվել: Բացի այդ թիկնազորի որոշ անդամներ այնքան հանդգնություն են ունեցել, որ ձեռնամարտի են բռնվել ամերիկացի օրինապահների հետ: 

Մինչդեռ Էրդողանը հանգիստ նայում էր կատարվողին: Դժվարանում եմ հավատալ, որ նման կազմակերպված թիկնազորի անդամները կարող էին նման ջարդ իրականացնել առանց ղեկավարի հրահանգի»,-շեշտել է կոնգրեսականը: