Վրաստանը հստակ որոշել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Վրաստանի վարչապետ
Վրաստանը վճռական է տրամադրված Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու մտադրության հարցում: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի լիագումար նիստին, գրում է tass.ru-ն:
Նա նշել է, որ «Վրաստանի և ՆԱՏՕ-ի ակտիվ համագործակցությունը վերջին տարիներին հասել է ամենաբարձր մակարդակի»:
«Վրաստանը հստակ որոշել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, մենք ակտիվ կշարունակենք դաշինքին ինտեգրման գործընթացը, կշարունակենք այդ ուղղությամբ բարեփոխումները»,- նշել է վարչապետը:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու Վրաստանի որոշմանը: Այդ մասին հայտարարել է վեհաժողովի նախագահ Պաոլո Ալին:
«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը վճռականորեն պաշտպանում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ընտրությունը, մենք դաշինքին խորհուրդներ կտանք ամրապնդել և ընդլայնել Վրաստանի հետ հարաբերությունները»,- ասել է նա:
Վրաստանը 1990-ականների վերջից համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ դաշինքի ծրագրերի շրջանակում։ 2002 թվականի նոյեմբերին այն ժամանակ Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Պրահայում գագաթնաժողովին պաշտոնապես հայտարարել է երկրի՝ դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին։










