Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՀԿ-ի դեմ է ուղղված. Էդվարդ Նալբանդյան
Ադրբեջանի կողմից Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը գործողություն է հենց ԵԱՀԿ-ի դեմ ուղղված. այս մասին Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«ԵԱՀԿ գրասենյակի գլխավոր քարտուղարի այցը մի ժամանակահատվածում է տեղի ունենում, երբ ԵԱՀԿ-ն փակում է իր միակ գրասենյակը մեր տարածաշրջանում, քանի որ ԵԱՀԿ մասնակից երկրներից մեկը՝ Ադրբեջանը, չարաշահելով իր իրավունքը, փաստացի արգելափակեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը»,- ասաց նա:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Բաքուն փորձում էր իր քայլը ներկայացնել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հարթության վրա, սակայն իրականում դա վերաբերում ԵԱՀԿ-Ադրբեջան հարաբերություններին:
Էդվարդ Նալբանդյանը նաև նշեց, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ խոսել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից, կարևորել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, որին Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել:
Հիշեցնենք, որ Երևանում ԵԱՀԿ գրասենյակը կփակվի առաջիկա ամիսներին:
Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո կառույցի երևանյան գրասենյակը Հարավային Կովկասում միակ լիարժեք ներկայությունն էր համարվում, սակայն Ադրբեջանը, կիրառելով վետոյի իր իրավունքը, արգելանք սահմանեց Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության ժամկետի երկարաձգման համար:










