Ախալքալաքում ազգությամբ հայ աղջկա դի է հայտնաբերվել
Ախալքալաքում ազգությամբ հայ աղջկա դի է հայտնաբերվել։ Tert.am-ի հետ զրույցում դեպքի վայր ժամանած Ախալքալաքի բնակիչ Արթուր Վարդանյանն ասաց, որ երեկ երեկոյան մոտ 40 մետր բարձրություն ունեցող «Թումաս» կամրջի տակ քաղաքացիներն աղջկա դի են նկատել և տեղեկացրել ոստիկանությանը։
«Բացի իրավապահներից, բազմաթիվ քաղաքացիներս ևս այցելեցինք դեպքի վայր։ Մոտ 18-20 տարեկան աղջիկ էր մահացածը։ Տեղում ականատեսներն ասում էին, որ աղջիկը վերջին մի քանի օրերին անհետացել էր»,- ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ աղջկա ընտանիքը դեպքից առաջ դիմել է նաև ոստիկանություն, նա որոնվել է որպես անհետ կորած։
Դեպքի առնչությամբ Tert.am-ը Վրաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացավ, որ աղջկա ինքնությունը պարզվել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով,այն է՝ ինքնասպանության դրդելը.
«Ուզունյան Ա.-ի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախնական տվյալներով՝ աղջկա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտնեցին Վրաստանի ՆԳՆ-ից։










