Կառավարության գործող թիմին հնարավորություն ենք տվել աշխատելու, ՀՀ հաջորդ նախագահի վերաբերյալ քննարկումներ չեն եղել. Վ. Բաղդասարյան (տեսանյութ)
Մենք կառավարության գործող թիմին հնարավորություն ենք տվել աշխատելու, իրենց հետագա գործունեությունը իրականացնելու դրական գնահատական տալով ծրագրային դրույթներին, սկզբունքներին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Կառավարության գործող-նախկին թիմի (նկատի ունի սեպտեմբերին նշանակված կառավարության կազմին, որտեղ գրեթե բոլորը այս օրերին վերանշանակվեցին) կատարած աշխատանքի մասին կխոսենք հետագայում»,-շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք կուսակցությունում քննարկվո՞ւմ է ՀՀ հաջորդ նախագահի հարցը, քանի որ մամուլը պարբերաբար գրում է, որ ՍԴ նախագահն է այդ պաշտոնը զբաղեցնելու, Վահրամ Բաղդասարյանն ասաց.
«Դրա մամուլի հետաքրքրությունն է, մենք նման հարց չենք քննարկել, կքննարկենք, կիմանանք»,-շեշտեց նա:
Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքներին և դիտարկմանը, որ կրկին մի շարք նախագծեր կիսադատարկ դահլիճում են քննարկվում՝ Վահրամ Բաղդասարյանը ասաց.
«Մեր պատգամավորները շատ պարտաճանաչ բոլորն էլ մասնակցում են»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած խնդրին, որ կրկին ՀՀԿ-ում ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք է գրանցվել, Վահրամ Բաղդասարյանն ասաց.
«Թյուրիմացություն էր, հարթվեց»։
Մանրամասները՝ տեսանյութում։










