Վատիկանյան արխիվներից հավաքված «Հայոց հարցը» 7-հատորյակը ներկայացվել է պատմաբաններին (տեսանյութ)
Հայոց ցեղասպանությանը վերաբերող վատիկանյան փաստաթղթերի յոթ հատորյակը՝ գիրք, որը մեծ հնարավորություններ է տալիս մասնագետներին ու պատմաբաններին, արդեն նաև Հայաստանում է:
Հաստափոր հատորներում հավաքված են Վատիկանի ու Պապի դիվանագիտական ջանքերի բոլոր ապացույցները: Անգլերեն, իտալերեն ու նաև հայերեն մի քանի փաստաթղթերը 1915 թվականի դեպքերի պաշտոնական վկայություններն են:
Պապական արևելագիտության ինստիտուտի եկեղեցական կանոնագիտության ամբիոնի դեկան Ժորժ Անրի Ռոյսենի յոթ հատորյակի վատիկանյան շնորհանդեսը տեղի է ունեցել երկու տարի առաջ՝ 2015 թվականին, Վատիկանում: Երկու տարի անց Վատիկանում Հայաստանի դեսպանության հրավերով գրքերը ներկայացվել են հայ մասնագետներին ու պատմաբաններին: Երկու հատորում հավաքված են 1894-96 թվականների դեպքերի վկայությունները, մյուս հինգ հատորները 1908-30-ական թվականների փաստաթղթերն են և հատկապես` 1915-18 թվականների: Այս տարիներին Բենեդիկտոս 15-րդ Պապն ակտիվ նամակագրության մեջ էր բոլոր կողմերի հետ:
«Այս փաստաթղթերը շատ կարևոր են հատկապես այն պատճառով, որ Ցեղասպանության ժամանակ Պապը միակն էր, որ հակազդեց, միջամտեց: Ներգրավված տերությունները, անշուշտ, բոլորն էլ տեղյակ էին` Գերմանիայի, Հունգարիայի կայսրերը, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների նախագահները, բայց ոչ ոք չհակադարձեց», - ասել է Ժորժ Անրի Ռոյսենը:
Նա ընդգծել է՝ այս հատորները ցույց են տալիս մի ամբողջ ժողովրդի մտադրված լիակատար բնաջնջումը, որն անում էին թուրքերը։ Այս հատորները վկայում են, որ առնվազն մեկ պետություն` Սուրբ Աթոռը, իր ձայնն է բարձրացրել համատարած «սառցե անտարբերության» մեջ ու փորձել օգնել:
Հեղինակն իր աշխատությունն անվանում է մեծ «փազլի» ևս մեկ կտոր. ներառված են ամբողջական հատվածներ այն նամակներից, որոնք գրում ու ստանում էր Բենեդիկտոս 15-րդ Պապը:
Նա մեջբերել է հատված մոնսինյոր Դոլչեի՝ Պապին ուղղված նամակից, որում նա մանրամասն նկարագրում է 1915 թվականի իրադարձությունները. «Բնաջնջում է, որոշները կոտորվել են, որոշները մահացել են սովից, ճանապարհին: Շատ հայ մայրեր վաճառել են իրենց երեխաներին` նրանց մահից փրկելու համար»։
«Սրանք փաստաթղթեր են, որոնք պետք է գործածել հենց բնագրով` հավաստիությունը պահելու համար: Կարելի է թարգմանել որոշ կտորներ, բայց ամբողջական թարգմանությունը իմաստ չունի, քանի որ կարող են ասել` այս նամակը սխալ եք թարգմանել», - ասել է աշխատության հեղինակը, որ նամակ առ նամակ է հիշում է՝ ով, ում գրեց, ինչպես արտահայտվեց 15 թվականի դեպքերի մասին: Նա, սակայն, բացառիկ ու հույժ կարևոր համարում է հատկապես Պապի երկու նամակները Սուլթանին:
«Հայոց ցեղասպանության դեմ բողոքը, մարդասիրական օգնությունը, ջանքերը ապարդյուն են, ամբողջովին անօգուտ, եթե միջազգային հանրությունը չճանաչի Հայաստանի անկախությունը», - Բենեդիկտոս 15-րդ Պապի խոսքերն է մեջբերել Ժորժ Անրի Ռոյսենը:
Պապական արևելագիտության ինստիտուտի դեկանը շեշտել է՝ այս յոթ հատորներով չեն սպառվում վկայություններն ու կարևոր փաստաթղթերը և հորդորել է հայ պատմաբաններին ու ցեղասպանագետներին գնալ և ուսումնասիրել Վատիկանի արխիվները, որոնք բաց են հայ գիտնականների համար, հատկապես, որ քիչ չեն նաև հայերեն արխիվային վկայությունները:










