Հայաստանում երեխաների 33 տոկոսը աղքատության մեջ է, որը շատ մեծ ցուցանիշ է. ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ

22:00 • 01.06.17

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում երեխաների խնդիրներին, և պատասխանելով հարցին, թե որքանով են երեխաների իրավունքները պաշտպանված, ասաց. «Հայաստանում երեխաների 33 տոկոսը բնակվում է աղքատության մեջ, և դա շատ մեծ ցուցանիշ է: Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ կարողանանք երեխաներին աջակցել, քանի որ այդ աղքատությունը նաև լրացուցիչ ազդեցություն է ունենում այն երեխաների վրա, որոնք ունեն նաև հաշմանդամություն»,-ասաց նա:

Նա նշեց, որ աղքատ ընտանիքներին և երեխաներին հնարավոր է աջակցել՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն, սոցիալական ծառայություններ: «Հայաստանում կան շատ կազմակերպություններ, որոնք աջակցություն են ցուցաբերում աղքատ ընտանիքներին, բայց կարևոր խնդիրն այն է, որ այդ ծառայությունները և աջակցությունը համակարգվեն, որպեսզի դրանք լավագույնս ուղղորդվեն համապատասխան թիրախային խմբերին»,-ասաց նա և կարևորեց, որ Հայաստանում ծնողներին աջակցություն ցուցաբերեն երեխաների ծնված օրվանից:

Տանյա Ռադոչայը նկատեց, որ Հայաստանում շատ երեխաներ ծնվելուց հետո, երբ ունենում են խնդիրներ, նրանց տեղափոխում են այլ հաստատություններ: «Ցանկացած երեխայի պետք է ընտանիք, ջերմություն, ծնողների ներկայությունը, դրա համար պետք  է աջակցել, որ երեխաները չզրկվեն դրանից»,-ասաց նա:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի խոսքով՝ չկա որևէ պետություն, որ կարողանա ամբողջովին ապահովել երեխաների բոլոր իրավունքները: «Եվ այդ ուղղությամբ աշխատում ենք: Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի կառավարության հետ և ամեն տարի տեսնում ենք առաջընթաց` կապված երեխաների իրավունքների իրականացման հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ինչո՞ւ չի փորձում զբաղվել Արցախում ապրող երեխաների իրավունքներով, Տանյա Ռադոչայը պատասխանեց, որ տարբեր երկրներում մարդասիրական օգնության կարիքները տարբեր են, և նաև օգնություն իրականացնող կազմակերպությունների մանդատներն են տարբեր: Նա նշեց, որ իրենց գրասենյակի մանդատն է՝ աշխատել Հայաստանում: «Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ և մեր մանդատով մենք չենք կարող աջակցել: Մենք պարտավոր ենք աշխատել միջպետական համաձայնագրերի հիման վրա՝ անդամ պետությունների հետ»,-ասաց նա: