ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն իր մտահոգությունն է հայտնել Վրաստանում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Մուխթարլըի առևանգման առնչությամբ

12:46 • 01.06.17

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն իր մտահոգությունն է հայտնել Վրաստանում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի առևանգման առնչությամբ:


«Ես ցնցված եմ այն բանից, թե ինչ է տեղի ունեցել ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի հետ, ում առևանգել են Վրաստանում և բռնի ուժով տարել Ադրբեջան, որտեղ նրան մեղադրում են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության համար»,- ասված է հանձնակատարի հայտարարությունում:


Նիլս Մուժնիեկսը նշել է, որ Մուխթարլըն Վրաստանում էր բնակվում 2015 թվականից՝ փախչելով Ադրբեջանի իշխանությունների հետապնդումներից:


«Նրա փաստաբանի խոսքով՝ պարոն Մուխթարլըի գրպանը գումար են դրել նրան առևանգողները, պարոն Մուխթարլըն նաև պնդել է, որ նրանք դաժան վերաբերմունքի են արժանացրել իրեն: Սրանք շատ լուրջ մեղադրանքներ են, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն և շտապ արձագանք Վրաստանի իշխանությունների կողմից, որոնք պետք է իրականացնեն դեպքի արդյունավետ, արագ և անկախ հետաքննություն և ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ հետաքննության արդյունքների համապատասխան»,- ասել է նա:


Հանձնակատարը հավելել է, որ միևնույն ժամանակ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Մուխթարլըին և երաշխավորեն, որ լիարժեքորեն պաշտպանվեն նրա իրավունքները, ներառյալ՝ խոշտանգումներից և դաժան վերաբերմունքից պաշտպանությունը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել:

 

Ադրբեջանցի լրագրողին առևանգել են Թբիլիսիում մայիսի 29-ին և գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Ադրբեջանում նրան ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեղադրանքներ:


Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանցի լրագրողի գործի առնչությամբ:


Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանն ուղղված քննադատությամբ: