ԱՄՆ իշխանությունները խստացրել են մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգը

13:36 • 01.06.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար դիմողների համար նոր հարցաթերթը, որը ներառում է մի շարք նոր կետեր: Մասնավորապես, խստացված կանոնների համաձայն, մուտքի արտոնագրի համար դիմողներից կարող է պահանջվել տրամադրել վերջին հինգ տարվա ընթացքում սոցիալական մեդիաների էջերը և 15 տարվա վաղեմության կենսագրական տվյալներ, հայտնում է Reuters գործակալությունը:


Նոր կանոնները հաստատվել են մայիսի 23-ին՝ չնայած հանրային քննարկումների ժամանակ հնչեցված քննադատությանը:


Քննադատները պնդում են, որ նոր հարցերը չափազանց ծանրաբեռնող կլինեն, դրանց հետևանքով կերկարի տվյալներն ուսումնասիրելու գործընթացը, և դա բացասաբար կազդի ուսանողների և գիտնականների՝ Միացյալ Նահանգներ այցելելու ցանկության վրա:


Նոր ընթացակարգի համաձայն՝ հյուպատոսական աշխատակիցները կարող են պահանջել բոլոր նախկին անձնագրերի համարները, հինգ տարվա ընթացքում ունեցած սոցիալական ցանցերի էջերը, էլեկտրոնային փոստի հասցեները և հեռախոսահամարները, ինչպես նաև 15 տարվա կենսագրական տվյալներ՝ ներառյալ հասցեներ, աշխատանքի և կատարած ճանապարհորդությունների մասին տեղեկություններ:


Նշվում է, որ չնայած նոր հարցերը կամավոր են, այդ տեղեկությունները չտրամադրելը կարող է հանգեցնել մուտքի արտոնագրերի տրամադրման ուշացումների կամ մերժումների:


Ինչպես հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը, պաշտոնյաներն այդ լրացուցիչ տեղեկությունները կպահանջեն, եթե որոշեն, որ «այդ տեղեկությունն անհրաժեշտ է ինքնությունը հաստատելու կամ ազգային անվտանգությանն առնչվող ավելի խիստ ստուգում իրականացնելու համար»:

 

ԱՄՆ իշխանությունները խստացրել են մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգը