ՄԻԵԴ-ի՝ ՀՀ դեմ որոշումները ՀՀ դատական համակարգի խնդիրների պատճառով են, բայց դրանց արդյունքում եղել են նաև շատ բարելավումներ. Արա Ղազարյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Հայաստանի դեմ ընդունված որոշումները իրավական կառուցակարգի բնականոն պրոցես են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Ըստ նրա՝ քանի դեռ ՄԻԵԴ-ը կա, միշտ էլ Հայաստանի դեմ նման վճիռներ լինելու են:
«Դա գործընթաց է, անընդհատ զարգացումներ են: Միշտ էլ պետք է նոր սկզբունքներ, նոր չափանիշներ կիրառվեն, և մասամբ դա արվում է ՄԻԵԴ-ի կողմից: Այնպես որ սա համարեք իրավական կառուցակարգի շրջանակներում բնականոն պրոցես»,- նշեց Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախօրեին հրապարակել է «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 15.000 եվրո վճարել հայցվորին:
Իսկ ընդհանրապես, 2007-2015թթ. Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ում կայացվել է 55 վճիռ, և ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների համար կառավարությունը վճարել է ընդհանուր առմամբ ավելի քան 663 հազար եվրո:
Արա Ղազարյանի տեղեկացմամբ՝ եվրոպական այլ երկրների դեմ ավելի շատ որոշումներ են կայացվում, քան Հայաստանի դեմ՝ թե՛ գումարային, թե՛ քանակական առումով: Ըստ վիճակագրության՝ ՄԻԵԴ-ում ամենաշատ պարտվող պետություններն են Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ռումինիան և Իտալիան:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նպատակն է, որ կոնվենցիան կոլեկտիվ ձևով կիրառվի: Այսինքն՝ ազգային պետություններում մարդու իրավունքների չափանիշները մոտեցվեն եվրոպական ընդհանուր չափանիշներին: Եվ որ պետությունում տեսնում է որևէ խնդիր, նա վճիռ է կայացնում, որպեսզի այդ խնդիրը վերանա: Սա համարեք որպես ժողովրդավարական պրոցես»,- ընդգծեց Ղազարյանը:
Արա Ղազարյանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ ընդունված որոշումները, իհարկե, կապ ունեն ՀՀ դատական համակարգի խնդիրների հետ, բայց դրանց արդյունքում եղել են նաև շատ բարելավումներ:
«ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը երկու ձևով է կիրառվում Հայաստանում: Մեկն ուղղահայաց կերպով, այսինքն՝ կոնկրետ եվրադատարանի վճիռը փոփոխություն է բերում պրակտիկայում կամ օրենսդրության մեջ: Երկրորդ՝ Վճռաբեկ դատարանն իր նախադեպերով հղում է կատարում եվրոպական դատարանին, և դա տարածվում է համակարգի վրա»,- ասաց նա:










