Կոռուպցիայի խնդիրը լուծելը անհրաժեշտություն է Հայաստանի համար․Գերմանիայի դեսպան
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև կնքվող շրջանակային համապարփակ համաձայնագիրը ընդամենը մեկ քայլ է երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դա մեկնարկն է նոր հարաբերությունների ստեղծմանը, որը նախաձեռնել են Հայաստանը և Եվրամիությունն այս տարի մարտին:
«Հույս ունենք, որ այս տարվա վերջին համաձայնագիրը կստորագրվի»,- ասաց նա՝ նշելով, որ այն վերաբերում է մի շարք ոլորտների բարելավմանը՝ լինի առևտուր, քաղաքական, թե շատ այլ ոլորտներ: Հիմա, ըստ նրա, ժամանակն է, որ երկու կողմերն իրականություն դարձնեն այդ համաձայնագիրը:
Դեսպանն ընդգծեց նորից՝ համաձայնագիրը նախաձեռնվել է երկու կողմերի կողմից, միայն Եվրամիության կողմից չէ ցանկությունը․«Հարաբերությունների զարգացման ցանկություն կա նաև Հայաստանի կողմից: Ահա սա է նշանակում, թե ինչպես կարելի է զարգացնել հարաբերությունները․համախմբվել՝ միասնական ցանկություններ իրականացնելու համար»:
Tert.am-ի դիտարկմանը, թե Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող որոշ դեսպաններ անընդհատ խոսում են Հայաստանում առկա կոռուպցիոն խնդիրներից, ինքն ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ, Մաթիաս Քիսլերը պատասխանեց․ «Իհարկե, այս երկրում կան խնդիրներ: Սխալ կլինի այն ժխտել, թե մենք չենք տեսնում դա, և սրանք թեմաներ են, որոնք նաև քննարկվում են հայաստանյան կառավարության կողմից: Նախագահ Սերժ Սարգսյանն էլ է այդ մասին խոսում: Թեմայի քննարկման վրա տաբու դրված չէ, և մենք էլ հավաստիացնում ենք, որ կոռուպցիայի խնդիրը լուծելը անհրաժեշտություն է Հայաստանի համար՝ երկիրը բարեփոխելու, արդիականացնելու համար»:
Նրա խոսքով, որպես Եվրամիության անդամ մեծ երկիր, Գերմանիան զգում է, որ Հայաստանը ճիշտ քայլեր է ձեռնարկում իրեն արդիականացնելու ուղղությամբ՝ հատկապես բարեփոխելով տնտեսության ոլորտը:
«Դուք կարող եք օտարերկրյա ներդրողների բերել ձեր երկիր՝ ցույց տալով, որ նրանց համար պայմանները նպաստավոր են,- ասաց նա՝ նկատելով, որ նոր կառավարությունը և սեպտեմբերից նշանակված վարչապետ Կարեն Կարապետյանն ունեն հստակ օրակարգ՝ բարեփոխելու համար երկիրը,- այ դրա մասին են երազում հայերը, որ նրանց ամենօրյա կյանքը բարելավվի»:
Գերմանիայի դեսպանը նաև նկատեց, որ Երևանում և Երևանից դուրս բնակավայրերում մարդկանց ապրելակերպը և սոցիալական պայմանները բավականին տարբեր են:
«Մենք տեսնում ենք, որ շատ գյուղեր արդեն դատարկվում են, որովհետև տղամարդիկ աշխատում են Ռուսաստանում՝ առանց իրենց ընտանիքների: Այդ իսկ պատճառով տնտեսական աճի անհրաժեշտություն կա, որը կօգնի ամբողջ բնակչությանը Հայաստանում՝ Երևանում, և, նաև կարևոր է, Հայաստանի այլ մասերում ապրողներին՝ ստեղծելով հնարավորություններ բոլորի համար: Եվ ես նորից պետք է կրկնեմ, որ Հայաստանը պարտավոր է շարունակել իր քայլերն ուղղված իր արդիականացմանը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում»,- ասաց նա:










