«Ֆեյսբուք»–ի ուղիղ եթերում ինքնասպանության փորձ արած երիտասարդը մարզ մեկնել էր հուղարկավորության մասնակցելու համար. նոր մանրամասներ
Երիտասարդը, ով սոցցանցի միջոցով իրազեկել էր իր՝ ինքնասպանության գնալու նախաձեռնության մասին, Երևանի բնակիչ է, մարզ մեկնել էր հուղարկավորության մասնակցելու համար և հենց այնտեղ գտնվելիս էլ փորձել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել:
Այդ մասին Tert.am-ին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հաստատելով, որ նման ահազանգ ստացվել է:
«Բարեբախտաբար, իրազեկումից անմիջապես հետո շտապ միջոցներ են ձեռնարկվել, և փորձն էլ որպես այդպիսին, չի հասցրել տեղի ունենալ: Պարզվում են հանգամանքները»,- հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Tert.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունիսի 3-ին 22-ամյա մի երիտասարդ կախվելու միջոցով նման փորձ է կատարել, ինչը սոցիալական ցանցով ուղեղ եթերում տեսել են տասնյակ քաղաքացիներ և նրանցից մեկը, ժամանակ չկորցնելով, ահազանգել է իրավապահներին:
Մեր տեղեկություններով՝ երիտասարդը մեկնել էր մասնակցելու Շիրակամուտի նախկին գյուղապետի հուղարկավորությանը, իսկ նման քայլի գնացել էր ինչ-որ աղջկանից մերժված լինելու պատճառով:










