2015 թ. մինչ օրս մեքենաների գազաբալոնների պայթյունների 10 դեպք է գրանցվել, որոնց հետևանքով եղել է 4 զոհ և 7 տուժած
2015 թ. մինչ օրս տրանսպորտային միջոցների գազաբալոնների պայթյունների 10 դեպք է գրանցվել, որոնց հետևանքով եղել է 4 զոհ և 7 տուժած: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երեկ՝ հունիսի 4-ին, գազալցակայանում կրկին պայթյուն էր տեղի ունեցել: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի սկզբնամասում տեղակայված գազալցակայանում «ԳԱԶել» մակնիշի մարդատար միկրոավտոբուսի գազաբալոնի լիցքավորման ժամանակ տեղի էր ունեցել պայթյուն. տուժածներ չեն եղել:
«Եթե դա լիներ ԱԳԼՃԿ-ի՝ կայանի խնդիրը, այդտեղ՝ այո՛, անվտանգությունը մենք ենք սպասարկում, նայում, բայց տրանսպորտային միջոցների ստանդարտիզացիան ԱԻՆ-ի գործառույթը չէ: Ուղղակի պայթյուն է եղել, փրկարարները գնացել տեղում օգնություն են ցուցաբերել»,- հայտնեցին ԱԻՆ-ից:
Բացի այս, 2017 թ. ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է տրանսպորտային միջոցի գազաբալոնի պայթյունի 1 դեպք, որի հետևանքով զոհվել է 1, տուժել 2 մարդ:
Վերջին երեք տարիներին մեքենայի գազաբալոնի պայթյունի ամենից շատ դեպքերը գրանցվել են 2015 թ.՝ 5 դեպք, 2 զոհ, 2 տուժած: Իսկ 2016 թ. գրանցվել է 3 դեպք, որոնցից մեկն ունեցել է ողբերգական ավարտ, ևս 3 մարդ տուժել է գազաբալոնի պայթյունից:










