Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը

09:52 • 05.06.17

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար, հայտնում է Reuters-ը՝ նկատելով, որ սա աննախադեպ պառակտություն է Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի ամենահզոր անդամների միջև:

Նշվում է, որ երկրները մեղադրել են Քաթարին աշխարհում ամենահին իսլամիստական շարժմանը՝ «Մուսուլման եղբայրներ»-ին, ինչպես նաև տարածաշրջանային մրցակից համարվող Իրանին աջակցելու համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ Դոհայի հետ դիվանագիտական կապերը խզած երկրների իշխանությունները հայտարարել են, որ հարևան երկրի հետ խզում են նաև տրանսպորտային կապը, ինչպես նաև այդ երկրներում գտնվող քաթարցիներին 2 շաբաթ ժամանակ են տվել հայրենիք վերադառնալու համար:

Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից:

Reuters-ը կանխատեսում է, որ այս զարգացումները բացասաբար կանդրադառնան մերձարևելյան տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա, քանի որ Պարսից ծոցի հարուստ երկրները, օգտագործելով իրենց ֆինանսական և քաղաքական ազդեցության լծակները, ներգործում են Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում և Եմենում կատարվող իրադարձությունների վրա:

«Քաթարն աջակցում է բազմաթիվ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների («Մուսուլման եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ Քաիդա»), որոնց նպատակն է տարածաշրջանային կայունության խախտումը: Այդ երկիրն իր մեդիայի միջոցով անընդհատ իրականացնում է այդ խմբավորումների գաղափարախոսության քարոզը»,-նշվում է Սաուդյան Արաբայի խոշորագույն լրատվական գործակալության տարածած հայտարարությունում: