Լիտվան հայտնել է Ռուսաստանի հետ սահմանին պատի կառուցման ժամկետը

09:47 • 05.06.17

Լիտվայի պետական սահմանի հսկողության ծառայությունը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ սահմանին՝ Կալինինգրադի շրջանում, պաշտպանական պատի կառուցման մասին, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:


«44,6 կիլոմետր երկարությամբ Կալինինգրադի շրջանի հետ պետական սահմանի հատվածում կկանգնեցվի երկու մետր բարձրությամբ մետաղական ցանկապատ, որտեղ կտեղադրվեն լրացուցիչ սարքավորումներ: Այն կտեղադրվի երեք պետությունների՝ Լիտվայի, Լեհաստանի և Ռուսաստանի սահմանների հատման կետից սկսվող հատվածում»,- ասված է հաղորդագրությունում:


Աշխատանքների արժեքը գնահատվում է 1 միլիոն 335 հազար եվրո: Այդ գումարները հատկացվել են Լիտվայի բյուջեից:


Պայմանագրում նախատեսված բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը: Նախատեսվում է նաև մինչև 2020 թվականը ցանկապատ կառուցել Բելառուսի հետ սահմանին:


Այն մասին, որ Լիտվան պատրաստվում է պատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին, հայտնի էր դարձել այս տարվա հունվարին: