Թուրքիան, Իրանն ու Իրաքը եռակողմ ժողով կգումարեն Քաթարի ճգնաժամի հարցով

17:30 • 06.06.17

Թուրքիան, Իրանն ու Իրաքը եռակողմ ժողով կգումարեն Քաթարի ճգնաժամի կարգավորման նպատակով, այս մասին հայտարարել է Իրանի քաղաքական որոշումների խորհրդի նախագահ Մոհսեն Ռեզային, գրում է թուրքական Kanalahaber-ը:

Հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս անհայտ է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը:

«Քաթարն աջակցում է բազմաթիվ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների («Մուսուլման եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ Քաիդա»), որոնց նպատակն է տարածաշրջանային կայունության խախտումը: Այդ երկիրն իր մեդիայի միջոցով անընդհատ իրականացնում է այդ խմբավորումների գաղափարախոսության քարոզը»,- նշվում է Սաուդյան Արաբայի խոշորագույն լրատվական գործակալության տարածած հայտարարությունում:

Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: