Թուրք երիտասարդները գիտեն, թե ինչ է նշանակում մեռնել հանուն հայրենիքի. Էմինե Էրդողանի խոսքերը հակազդեցություն են առաջացրել հասարակության մեջ

19:54 • 08.06.17

Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանն իր ելույթներից մեկում հայտարարել է, որ ժամանակակից թուրք երիտասարդությունն այլևս շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում հրաժարվել սեփական կյանքից հանուն հայրենիքի և շեշտել, որ ազգային այս ինքնագիտակցության զարթոնքի մի նոր սկիզբ դարձավ հենց անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձը: Այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:

«Նախկինում շատերը մտածում էին, որ մեր երիտասարդների հերոսություններն ավարտվել են Մանազկերտում, Գալիպոլիում: Սակայն հուլիսի 15-ին հայրենիք բառը նորից թևեր առավ ու մտավ մեր սիրտը: Այս երկրի երիտասարդներն արդեն վստահաբար գիտեն, թե ինչ է նշանակում մեռնել հանուն հայրենիքի», - ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը, որի խոսքերը հակազդեցության են արժանացել թուրքական հասարակության մի մասի մոտ:

Սոցցանցերի բազմաթիվ թուրք օգտատերեր, արձագանքելով առաջին տիկնոջ խոսքին, գրել են. «Այդ հերոսների մեջ քո տղայի անունը չկա՞»:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: