Գերմանիան սկսել է ապաստան տրամադրել չեչեն միասեռականներին

20:19 • 08.06.17

Գերմանիան ընդունել է առաջին չեչեն փախստականին, ով Ռուսաստանից հեռացել է միասեռականների նկատմամբ գործադրվող ճնշումների պատճառով: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն` վկայակոչելով Գերմանիայի ԱԳ նախարարությանը:

Գերատեսչությունից նշել են, որ երիտասարդը Գերմանիա է ժամանել հունիսի 6-ին: «Մենք ուրախ ենք, որ կարող ենք օգնել հատկապես դժվար իրավիճակներում», - ընդգծել են Գերմանիայի ԱԳՆ-ում:

Աղբյուրի հաղորդմամբ` ապաստան տրամադրելու մասին որոշումը կայացվել է Մոսկվայում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչների կողմից չեչեն քաղաքացու հետ զրույցից հետո:

Ընդհանուր առմամբ, գերմանացի դիվանագետները Մոսկվայում 5 դիմում են ստացել կացարան ստանալու համար` կապված Չեչնիայում միասեռականների շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Եվս երեքին հարցազրույցի են հրավիրել գերմանական դիվանագիտական առաքելությունում: Նրանք նույնպես կարող են Գերմանիա մեկնելու իրավունք ստանալ: