Իրաքի քրդերն անկախության վերաբերյալ հանրաքվե կանցկացնեն սեպտեմբերի 25-ին. Rudaw

09:54 • 08.06.17

Իրաքի քրդերն անկախության վերաբերյալ հանրաքվե կանցկացնեն այս տարվա սեպտեմբերի 25-ին, այս մասին գրում է քրդական ամենախոշոր կայքերից Rudaw-ը:

Կայքը նշում է, որ հանրաքվեի օրը հայտարարվել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի կողմից՝ Քուրդիստանի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ գումարված հատուկ ժողովի ընթացքում:

Հայտնի է նաև, որ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը նախատեսում է հանրաքվեից հետո՝ նոյեմբերի 6-ին, անցկացնել խորհրդարանական ընտրություններ:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Իրաքյան Քուրդիստանի երկու ամենախոշոր կուսակցությունները համարվող KDP-ն և KYB-ն համաձայնության են եկել անկախության հանրաքվեի շուրջ: 

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, պատասխանելով Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի՝ անկախության մասին հայտարարությանը, հիշեցրել է քրդերին, որ նման բաժանման համար նրանք ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում:

«Ձեր առաջ ծառացած խնդիրները լուծվելո՞ւ են այդ անկախությամբ: Պետք է նախ աչքի առաջ պահել քուրդ ժողովրդի շահերը», - ասել է Ալ Աբադին:

Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանն ինքնավարություն է Իրաքի հյուսիսում, որն իր կարգավիճակը ստացել է 1990-ականներին: Այն ունի իր կառավարությունը, խորհրդարանը և նախագահը, ինչպես նաև զինված ուժերը` «փեշմերգա» (քրդերենից թարգմանաբար` «մահվանից առաջ ընկնողներ») զորամիավորումը։

Իրաքի քրդերն անկախության վերաբերյալ հանրաքվե կանցկացնեն սեպտեմբերի 25-ին. Rudaw