Հրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշը՝ ըստ QS-ի

14:31 • 08.06.17

Բրիտանական հեղինակավոր Quacquarelli Symonds ընկերությունը հրապարակել է լավագույն համալսարանների համաշխարհային վարկանիշը (QS World University Rankings). 14-րդ անգամ անցկացված հետազոտության արդյունքում առանձնացվել է աշխարհի տարբեր երկրների 965 համալսարան:

Հայտնի է, որ վարկանիշը կազմելու ընթացքում QS-ը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են համալսարանի ակադեմիական համբավը, գործատուների շրջանում համբավը, դասախոսների և ուսանողների հարաբերակցությունը, մեջբերումների ցուցանիշը և օտարերկրացի դասախոսների և ուսանողների թվաքանակը:

Աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշը հրապարակվել է QS-ի կայքում: Ուսումնասիրությունների արդյունքում այս տարվա լավագույն ուսումնական հաստատությունների հնգյակում ներառվել է չորս ամերիկյան համալսարան:


Լավագույնը ճանաչվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանը, երրորդը՝ Հարվարդի համալսարանը: Վարկանիշի չորրորդ տեղում հայտնվել է անգլիական Քեմբրիջի համալսարանը: Թոփ հնգյակը եզրափակել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը:

Նշենք, որ վարկանիշում ներառվել են նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մի շարք ուսումնական հաստատություններ:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս տարի World University Rankings-ում ռուսաստանյան համալսարանների թիվը հասել է 24-ի, և լավագույնը կրկին ճանաչվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը՝ հայտնվելով ցանկի 95-րդ տեղում: