Ստեղ չստիկով, սիգարետով, անթրաշ վարորդ չկա. տաքսու վարորդները վարչապետին օդանավակայան են հրավիրում (տեսանյութ)

18:51 • 09.06.17

 

«Զվարթնոց»-ում սպասարկող տաքսի ծառայությունների վարորդները վարչապետ Կարեն Կարապետյանին հրավիրում են օդանավակայան՝ անձամբ համոզվելու, որ «անթրաշ, սիգարետը բերանը, չստիկներով» վարորդներ զբոսաշրջիկներին ու տեղացիներին չեն ուղեկցում:

«Էսօր էլ չէ, վաղն էլ չէ, ամեն օր էլ կարող եք գալ ու տեսնել, որ չստիկով, անթրաշ վարորդներ չկան: Բոլորը կիրթ են, տարբեր լեզուներին տիրապետող, ՀՀ պատմությանը շատ ծանոթ, նորմալ մարդկանց: Ինչքան էլ ման գաք՝ կոտոշավոր մարդկանց այստեղ չեք տեսնի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց վարորդը:

Նա նշեց, որ վարչապետին, հավանաբար, սխալ են տեղեկացրել, վերջինս էլ նման հայտարարություններ է հնչեցրել:

Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, ասել էր. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղը ներկայացնողներ կան» :

Մեկ այլ տաքսու վարորդ էլ նշեց, որ օդանավակայանի տարածքում 200 աշխատակից կա, որոնցից որևէ մեկն էլ անթրաշ ու չստիկներով չէ: Նա վստահեցրեց, որ ամեն օր էլ մաքուր ու կոկիկ տեսք են ունենում, ինչպես այսօր:

Վարորդն ասաց, թե վարչապետի հայտարարությունից վիրավորվել են, որովհետև իրենք այդպիսին չեն ու աշխատում են օրվա հաց վաստակելու համար: «3000-ը երևի 30000-ի տեղ են ներկայացնում… Ո՞նց կարող է Երևան լիճ տանենք Սևանի տեղը: Տենց ոնց կլինի…»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:






Ստեղ չստիկով, սիգարետով, անթրաշ վարորդ չկա. տաքսու վարորդները վարչապետին օդանավակայան են հրավիրում (տեսանյութ)